ՀՀ քաղաքացիները՝ սեպտեմբերյան ագրեսիայի միջազգային արձագանքի և ռազմական օգնության սպասելիքների մասին
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Կաթիլը քար է տաշում» խորագրով հետազոտության արդյունքները։
Հեռախոսային հարցումներին մասնակցել է ՀՀ 1100 բնակիչ, հարցումները կատարվել են նոյեմբերի 2-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում:
Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակման միջազգային արձագանքների առնչությամբ ՀՀ քաղաքացիների շուրջ 26.9 տոկոսը դրական է գնահատել ԵՄ արձագանքը, իսկ ամենաբարձր գնահատականը ստացել է Ֆրանսիան. 40 տոկոսը միանշանակ դրական է գնահատել Ֆրանսիայի արձագանքը, և ավելի շուտ դրական՝ 29 տոկոսը:
Արամ Նավասարդյանը հավելեց. «Կարևոր է Իրանի ցուցանիշը. 34.8 տոկոսը նշել է՝ միանշանակ դրական է գնահատում, և 34 տոկոսը՝ ավելի շուտ դրական: Ու նաև՝ հատկանշական է, կարծում եմ, ՌԴ ցուցանիշը՝ 10.6 տոկոսն է միայն ասել, որ միանշանակ դրական, և 19 տոկոսը նշել՝ ավելի շուտ դրական:
Կարող ենք նաև ՀԱՊԿ ցուցանիշը տեսնել. 3.6 տոկոսն է նշել միայն, որ միանշանակ դրական, և 8 տոկոսը՝ ավելի շուտ դրական»:
Անդրադառնալով հարցին, թե ո՞ր երկրներից ՀՀ-ն կարող է ստանալ ռազմաքաղաքական օգնություն, «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրենը համեմատության համար ներկայացրեց նաև 2021 թվականի մայիսի հարցման պատասխանները:
«Այս նոյեմբերին ՌԴ-ն նշել է 37 տոկոսը, ԱՄՆ՝ 32.5 տոկոսը: ԱՄՆ ցուցանիշը 1.5 տարում աճել է. եթե մայիսին 2021 թվականի միայն 23.8 տոկոսն էր նշել, որ կարող են սպասել օգնություն, այժմ՝ 32.5 տոկոսը:
2021 թվականի մայիսին Իրանը, Հնդկաստանը և Չինաստանը չէին նշվել, կամ նշվել էին շատ քիչ քանակությամբ՝ ընդհանրացված այլ երկրների տակ, սակայն նոյեմբերի հետազոտության ժամանակ մենք տեսնում ենք, որ առանձին Իրանը միայն 29.5 տոկոս է ստացել, Հնդկաստանը՝ 17.5 տոկոս, և Չինաստանը՝ 7.5 տոկոս:
Սա, կարծում եմ, բացատրելի ցուցանիշ է, որովհետև այս վերջին զարգացումների հետ կապված՝ այս երկրներն ունեն հստակ դիրքորոշումներ,- ասաց Արամ Նավասարդյանը, ապա այս համատեքստում անդրադառնալով ՀԱՊԿ ցուցանիշի փոփոխությանը՝ նկատեց,-«Եթե մայիսին գոնե 7 տոկոսը կարծել է, որ ՀԱՊԿ-ից կարելի է սպասել օգնություն, ապա նոյեմբերին այդ ցուցանիշը 0.2 տոկոս է, ինչը, կարծում եմ, բավականին խոսուն ցուցանիշ է»: