Բաժիններ՝

«Նիկոլ Փաշինյանն իր գրպանից չի տվել փողն ու ծաղիկներ առել՝ տարել Եռաբլուր, դա մեր բոլորի գրպանից է». Համեստ Ներսիսյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նահատակված Արմեն Ուրֆանյանի անունով 2018 թվականին բացված  հիմնադրամը չի գործում։ 2018 թվականին Բաղրամյան 26-ում Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարել էր հիմնադրամ բացելու մասին՝ բոլորին կոչ անելով գումար նվիրաբերել հիմնադրամին, սակայն որևէ բան չէր արել։

168.amի հետ զրույցում Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, ասաց, որ հիմնադրամին գումար նվիրաբերելու համար ինքը որևէ մեկին չի դիմում, քանի որ դիմելիս մերժում է ստանում՝ «դիմադրողականությունն ընկնում է»։

«Իմ ցանկությունն այն է, որ այդ հիմնադրամն էլ այդպես աշխատեր։ Ես ոչ մեկին չեմ դիմում, ոչ ոք ոչ մի հանգանակություն չի անում, որի արդյունքում հիմնադրամն այդպես էլ մնացել է։ Մի քիչ էլ առողջությունս չի ներում որևէ բան անել։ Ուզում եմ՝ զինհաշմանդամություն ունեցող մեր տղաներին օգնեմ հիմնադրամի միջոցով, սակայն որևէ բան չի ստացվում»,- մեզ հետ զրույցում նշեց Համեստ Ներսիսյանը։

Հարցին՝ վերջին շրջանում զոհված տղաների ծնողները մշտապես Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում են որևէ միջոցառման, երբևէ միջոցառումների հրավեր ստացե՞լ է նրանից, Համեստ Ներսիսյանը պատասխանեց, որ հրավեր միշտ էլ ստացել է՝ ինչպես Աննա Հակոբյանի, այնպես էլ՝ նախկին իշխանությունների կողմից։ Իսկ այս կամ այն միջոցառմանը մասնակցել է այն դեպքում, երբ առողջությունը և ժամանակը թույլ է տվել։

Կարդացեք նաև

«Իմ հարաբերությունները բոլորի հետ էլ նորմալ են եղել։ Նախկին իշխանությունների ժամանակ մեզ մշտապես հրահրում էին, որպեսզի դուրս գայինք Սերժ Սարգսյանի դեմ, ասում էին՝ ձեր փոխարեն լինենք, կբողոքենք, ու չենք էլ թողնի՝ գա «Եռաբլուր», բայց մենք նման բան չարեցինք։

Հիմա երբ մեր զոհված տղաների ծնողները չեն թողնում Նիկոլ Փաշինյանը գնա «Եռաբլուր», ես դրան այլ տեսանկյունից եմ նայում։ Կարծում եմ և մտավախություն ունեմ, որ եթե երկրի ղեկավարը չգնա այնտեղ, որտեղ մեր երեխաներն են, ապա ինչ-որ առումով կարող է երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից այդ վայրը մոռացվի։ Նույնիսկ այնտեղ ուղարկած ծաղիկները ծնողները չպետք է մի կողմ նետեին, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր գրպանից չի տվել փողն ու ծաղիկներ առել՝ տարել Եռաբլուր, դա մեր բոլորի գրպանից է։ Այսպես որևէ բան չի փոխվի, միայն այդ ծնողներին սկսեցին վարկաբեկել։ Կինը «Եռաբլուրում» նստած էր նստարանին, գնացին անմեղ տեղը ձեռքից քարշ տվեցին ու տարան, ինչո՞ւ, դա շատ տգեղ երևույթ էր․․․

Իհարկե, մենք նույն վիշտն ենք կիսում, իմ հոգու խորքում էլ շատ բան կա, ինձ համար և առհասարակ մեր ծնողների համար մեկ է՝ թե ով է լինելու այս երկրի ղեկավարը, մեր գործը միայն պարտադրելն է, որպեսզի նորմալ ղեկավար լինեն, նորմալ հարգեն ծնողներին։

Կարծում եմ՝ չպետք է սյուն դրվի կառավարության և «Եռաբլուրի» միջև, հակառակ դեպքում մտավախություն ունեմ, որ մեր երեխեքին ոչ էլ կհիշեն, իրենց ի՞նչ կա, իրենք իրենց աթոռների համար են եկել»,- նշեց Համեստ Ներսիսյանը։

Դիտարկմանը՝ որ զոհված զինծառայողների ծնողների խոսքով՝ չեն ցանկանում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ձևական ծաղիկներ դնի իրենց որդիերի շիրիմներին, Համեստ Ներսիսյանը նկատեց՝ այսպես թե այնպես, ամեն ինչ էլ ձևական են անում, գոնե մի ձևական ա՞յց էլ չկատարեն։

Համեստ Ներսիսյանը այսօր փորձում է զրուցել 2020 թվականին զոհված զինծառայողների ծնողների հետ, հնարավորությունների սահմանում նրանց օգնել, դուրս բերել տանից։

«Երբ 2016 թվականից հետո գնում էի Արցախ ու բարձրանում էի դիրքեր, ինձ այնտեղ ուղեկցում էր իմ սիրելի Մարինան, նրա զավակը, միակ զավակը զոհվեց պատերազմում։ Մշտապես փորձում էի նրան սփոփել, բայց ինչպե՞ս սփոփես…»,- եզրափակեց Համեստ Ներսիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս