Մի քանի կառույցի համագործակցությամբ սկիզբ դրվեց Եղիշե Չարենցի ստեղծագործությունների նոր ակադեմիական հրատարակությանը

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, «Անտարես» հրատարակչության և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համատեղ ջանքերով Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանից սկսած տարեցտարի կպատրաստվի գրողի ստեղծագործությունների նոր ակադեմիական հրատարակությունը («Երկերի ժողովածու» 13 հատորով):

Կառույցների միջև համագործակցության հուշագիրը ստորագրվեց նոյեմբերի 28-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը հուշագրի ստորագրումն աննախադեպ է համարում: «Որպես ակադեմիական հատորների խմբագրական խորհրդի անդամ, ինչպես նաև առաջին հատորի կազմող պետք է նշեմ, որ 13 հատորները միտված են ամփոփելու Չարենցի ամբողջ գրական ժառանգությունը, որը հասել է մեզ և էապես տարբերվելու են նախորդ հրատարակություններից բովանդակությամբ, ծանոթագրությունների ու տեքստերի որակով: Մենք վստահ ենք՝ մարդիկ, որոնց մոտ կան չարենցյան մասունքներ, ձեռագրեր, կոգևորվեն այս նախաձեռնությունից և դրանք կտրամադրեն թանգարանին»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ կառույցների համագործակցությունն ունենալու է մեկ ուղենիշ՝ հանուն Չարենցի: Նիկողոսյանը կարծում է՝ 13 հատորը հնարավոր կլինի լույս ընծայել վեց տարում:

Հուշագրի համաձայն՝ Գրականության ինստիտուտը ստանձնում է երկերի կազմման, ծանոթագրության, հրատարակության պատրաստման աշխատանքների իրականացումը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը՝ ակադեմիական հատորների հանրահռչակումը, միջոցառումների կազմակերպումը, իսկ «Անտարեսը»՝ հրատարակումը:

Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը հիշեցրեց, որ նման համագործակցությամբ հանդես են եկել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հետ: «Վստահ եմ՝ «Անտարես»-ը բնագրային հրատարակությունների ձևավորումը մի նոր որակական աստիճանի կբարձրացնի: Աշխատանքներում ընդգրկվել են Արքմենիկ Նիկողոսյանը, Դավիթ Գասպարյանն ու Անուշ Թասալյանը: Ամեն հատորի վրա տարբեր մասնագետներ կաշխատեն»,-ասաց նա և հուշագրի կնքումն իրենց ինստիտուտի հետ համեմատեց հոգեվարքի մեջ խռխռացող մարդու հետ աշխատանքային պայմանագիր կնքելու հետ: Նա շեշտեց՝ մտահոգ են ինստիտուտի ճակատագրի համար և հույս հայտնեց՝ պատկան մարմինները կկարևորեն գրականության զարգացման գործում իրենց ունեցած մեծ ներդրումը, և հուշագրի ստորագրումը նոր սկիզբ կդառնա կառույցի համար:

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ Չարենց պոետին ճանաչում են բոլորը, բայց քչերն են ճանաչում Չարենց հրատարակչին և Չարենց գրական շարժման կազմակերպչին: «Այս տիրույթում Չարենցը մեր ուսուցիչն է, և մենք ուսումնասիրում ենք նրա գործերը, նրա՝ գիրքը ստեղծելու, հրատարակելու, նկարազարդողների, խմբագիրների մեծ շարժում սկսելն ու փորձում ենք դա ժամանակակից ձևով ներկայացնել, և մեզ համար մեծ պատիվ է մասնակցել այս հատորների իրականացմանը»,-ասաց Մարտիրոսյանն ու հավելեց՝ այդ նպատակով 35-ից 50 մլն դրամ են ներդնելու հրատարակման աշխատանքներում::

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն էլ կարևորեց Չարենցի գրական ժառանգության պահպանումը և հույս հայտնեց, որ կառույցների համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:

Տեսանյութեր

Լրահոս