Բաժիններ՝

Անշարժ գույքի շուկայում պասիվություն կա, բայց գնանկում չի կանխատեսվում. որքան արժեն բնակարանները Կենտրոնում

Անշարժ գույքի շուկան վերջին ամիսներին պասիվացել է.  այս մասին փաստում է պաշտոնական վիճակագրությունը։ Հատկապես նվազել են առքուվաճառքի և օտարման գործարքները:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած շուկայի վերլուծության համաձայն՝ երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է առք ու վաճառքի 12 հազար 715 գործարք, ինչը վերջին 4 տարիների ամենացածր ցուցանիշն է. համեմատության համար նշենք, որ 2021թ. նույն ժամանակահատվածում իրականացվել էր առք ու վաճառքի 14 հազար 967 գործարք, 2020թ.-ին՝ 15 հազար 301, իսկ 2019թ. երրորդ եռամսյակում՝ 13 հազար 144:

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը, սակայն, շուկայում պասիվացում նկատում է միայն վերջին 20 օրերին:

«Այս պահին, կարծես, կանգ է առել, իսկ մինչ այդ ուժեղ ակտիվություն կար՝ պայմանավորված ռուս ռելոկանտների ներկայությամբ: Այժմ նոր մարդիկ չեն գալիս:

Կարդացեք նաև

Կադաստրի կոմիտեի թվերը գուցե առաջնային շուկայի հետ են կապված, որովհետև հիմնական քանակը ապահովում էին նորակառույցները»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց Վահե Դանիելյանը:

Անշարժ գույքի գործակալության տնօրենը, այդուհանդերձ, չի կարծում, թե այդ պասիվացումը կբերի նաև գնանկման՝ չբացառելով նաև արտաքին գործոններով պայմանավորված հերթական գնաճը:

«Եթե հունվարին ՌԴ-ում նորից զորակոչ սկսվի, նորից ներհոսք լինի ՀՀ, գները նորից կբարձրանան»,- նկատեց նա:

Վահե Դանիելյանը նշեց, որ այս պահին Երևան քաղաքի Կենտրոնում 1 սենյականոց բնակարան կարելի է ձեռք բերել միջինում 100.000 դոլարով (շուրջ 40 միլիոն դրամ), 2 սենյակները՝ 160-170.000 դոլարով,  3 սենյականոց բնակարանները՝ 200.000 դոլարից սկսած:  Ծայրամասերում 1 սենյականոց բնակարանների արժեքը տատանվում է 45-60․000 դոլարի սահմաններում, Նուբարաշենում՝ 40 հազար դոլարից սկսած:

Տեսանյութեր

Լրահոս