Կհիմնվի 18 հեռավար գիտական լաբորատորիա. հայտնի են մրցույթի արդյունքները
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի 2022 թ. նոյեմբերի 21-ի N 2138 Ա/2 հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթի արդյունքում ընտրվել է 18 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռքբերման նպատակով նախատեսվում է հինգ տարվա կտրվածքով տրամադրել մինչև 152,5 միլիոն ՀՀ դրամ:
Նշվում է, որ թեմաների ղեկավարներն արտերկրում բնակվող բարձր վարկանիշ ունեցող գիտնականներ են, որոնք պատրաստ են իրականացնել իրենց հավակնոտ հետազոտական գաղափարները՝ ստեղծելով և ղեկավարելով նոր հետազոտական խմբեր Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում:
«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթը լինելու է պարբերական. հաջորդ շրջափուլի մասին հայտարարությունը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում: