Անդրանիկի փողոցում ասֆալտը երեք շաբաթ է՝ քանդված է, մեքենաները ջարդվում են. Էռնեստ Ավանեսով
«Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները. Հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 13-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 1599-Ն և 1608-Ն որոշումները, նախատեսվում է «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման» և «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի քաղաքային լուսավորության» դրամաշնորհային ծրագիր» ծրագրերին հատկացնել 139,660.3 հազար դրամ և արդեն ընդհանուր գումարը վերաբաշխել բյուջետային դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածների միջև:
Ավագանու նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը:
Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը նշեց, որ, օրինակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի փողոցում, ասֆալտը, որ դեռ մեկ տարի չկա, որ արվել է, երեք շաբաթ է՝ քանդված է, որևէ գծանշում չկա:
«Մեկ տարի չկա, որ ասֆալտն արվել է, ի՞նչն է խնդիրը, որ նորից այդպիսի աշխատանքներ են արվում»,- հարցրեց ավագանու անդամը:
Վիլեն Արևշատյանն ասաց, որ ուսումնասիրություններ իրականացվում են համապատասխան ստորաբաժանումների կողմից, այդ հասցեն ևս հաշվի կառնեն:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ներկայացրեց աշխատանքի սխեման՝ ընդգծելով, որ ասֆալտապատման աշխատանքների համար հայտարարվում է մրցույթ: Մրցույթ է հայտարարվում նաև տեխնիկական հսկողության մասով: Իսկ եթե ասֆալտապատում իրականացրել է համայնքը, ապա կապալառու կազմակերպությունը պարտավոր է այն վերականգնել, հակառակ դեպքում քաղաքապետարանը դիմում է բանկին, որպեսզի բանկային երաշխիքից պահումներ արվեն:
Ավագանու մեկ այլ անդամ՝ Իզաբելլա Աբգարյանն էլ ասաց, թե ամիսներ առաջ մետրոյի վագոնավարները բողոքի ցույց էին արել, որոշակի ժամանակահատված աշխատանքի դադարեցում է եղել, ու հետաքրքրվեց՝ արդյո՞ք պահանջները բավարարվել են, և եթե ոչ, ապա արդյո՞ք կունենանք նույն խնդիրը:
Քաղաքապետը նշեց՝ չի կարող ասել՝ կլինի խնդիրը, թե ոչ, բայց տեղեկատվության բացակայության խնդիր է եղել:
«Հարցին, որպես այդպիսին, լուծում ենք տվել, և կարծում եմ, որ նմանատիպ դեպքեր էլ չենք ունենա»,- հավելեց Հրաչյա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենի մեքենավարները հուլիսի 27-ի առավոտյան գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, որ մետրոպոլիտենի ղեկավարությունը խոստացել է բավարարել պահանջները։