ՀՀ ՊԵԿ փոխնախարարը, ՌԴ-ում ՀՀ դեսպանը և դեսպանությանը կից մաքսային կցորդը ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել են համագործակցության հարցեր
Մոսկվայում օրերս տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։
Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են Վերին Լարսում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումները:
Միաժամանակ, ներկայացվել է մաքսային կցորդի գործունեության կարևորությունը՝ ՌԴ մաքսային ծառայության աշխատանքներում, ինչպես նաև տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու հարցում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Վերին Լարս անցակետի վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին, որի ավարտին տնտեսվարողները հնարավորություն կունենան ստանալու նոր որակի և ժամանակի պահանջներին համահունչ ծառայություններ։