Արցախի և Մերձդնեստրի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաների շուրջ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ու Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևը նոյեմբերի 14-ին տեսակապի միջոցով զրույց են ունեցել:
Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացներին, հակամարտությունների կարգավորման միտումներին վերաբերող թեմաների շուրջ։ Կարևորվել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերի պահպանումն ու ընդլայնումը։
Նախարար Բաբայանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Մերձդնեստրում ստեղծված էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ և նշել, որ Արցախում ապրումակցում են Մերձդնեստրի ժողովրդին: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ՄՄՀ ղեկավարությանը կհաջողվի հնարավորինս սեղմ ժամկետում կայունացնել իրավիճակը։