Ընդդիմադիր առաջնորդի թեկնածուն կա՛մ պիտի պայմանավորվի ընդդիմադիր 2 թևի հետ, կա՛մ կռվի նաև նրանց դեմ. Արթուր Ղազինյան

«Նոյեմբերի 5-ի հանրահավաքից իմ սպասելիքներն այլ էին. մարդկանց թիվը քիչ էր»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Դիմադրության շարժման համազգային հանրահավաքի մասին, նման տեսակետ հայտնեց իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Արթուր Ղազինյանը։

Նա նաև հավելեց․ «Ընդդիմության պայքարը որոշակիորեն շեղվել է քաղաքական օրգանիկայից, որովհետև մարդկանց ակնկալիքները շատ ավելի բարձր են, քան կարողանում է առաջարկել ընդդիմությունը։ Առաջին հերթին, որպեսզի իրականություն դառնա ընդդիմադիր գործընթաց, պետք է հայտնի լինի, թե ո՞վ է այդ գործընթացը առաջնորդում, որովհետև հասարակության շատ շերտեր իրենց գործունեությունը պայմանավորում են առաջնորդով։ Երկրորդ խնդիրը կազմակերպված թիմի անհրաժեշտությունն է։ Երրորդը՝ առաջարկի բացակայությունը»։

Նրա փոխանցմամբ՝ տիտղոսային ընդդիմության առաջնորդները քաղաքական կյանքում եղել են վերջին 20 տարում, և հենց դրան հղում անելով է Նիկոլ Փաշինյանը կարողանում ընդդիմադիր բոլոր գործընթացները տեղափոխել նախկին-ներկա արատավոր երկխոսության շրջանակ, ինչի արդյունքում մեռնում է ցանկացած նոր գաղափար։

«Միևնույն ժամանակ, այսօրվա ընդդիմությունն ունի առաջնորդներ, որոնց քաղաքական վարքաբանությունը չի համապատասխանում այն տիտղոսին, որոնք իրենք կրում են, չէ՞ որ առաջնորդների խնդիրն ու առաքելությունը որոշում կայացնելն է, ապա դրա իրականացմանը հետևելն ու պատասխանատվություն կրելն այդ որոշումների կայացման համար։ Այն առաջնորդությունը, որը ես կցանկանայի տեսնել, չկա, իսկ ընդհանուր, առաջնորդության բացակայությունը քաոս է առաջացնում»,- ասաց Ղազինյանը։

Կարդացեք նաև

Կարևոր համարելով այլընտրանքային առաջարկի ձևավորումը, իրավաբանական գիտությունների թեկնածուն նշեց, որ դա հնարավոր չի լինում, երբ քաղաքական հիմնական դերակատարներն են նախկին երկու նախագահներն ու Նիկոլ Փաշինյանը. նախկին-ներկա դիսկուրսի մեջ սկսում են ապացուցել, որ նախորդ իշխանությունը սկսում է ապացուցել, որ նախկինում ամեն ինչ ճիշտ էր, ներկայում՝ սխալ, իսկ այսօրվա իշխանությունը թույլ չի տալիս ապագայի որևէ ծրագիր մշակել, որովհետև հենց նոր գաղափար ի հայտ գա, Փաշինյանի իշխանությունը մրցակցությունից դուրս կմնա։

«Դրա համար թույլ չեն տալիս, որ դիսկուրսը դուրս գա նախկին-ներկա խոսակցության շրջանակից»,- ասաց Ղազինյանը՝ առաջարկելով ճեղքել այս շրջանակն ու սեղանին դնել ապագայի նախագիծ։

Հարցին՝ իսկ ինչպե՞ս անել, որ այս իշխանությունը քաշվի մի կողմ և հնարավոր լինի իրականություն դարձնել այդ այլընտրանքային ապագայի ծրագիրը, Արթուր Ղազինյանը պատասխանեց.

«Դուք ուզում եք, որ ես ճանապարհային քարտեզը ներկայացնե՞մ և իշխանությունը դրան պատրաստվի՞, դա անել պետք չէ, բայց այն նախագիծը, որը դրվելու է սեղանին, դրանով պետք է առաջնորդվեն այն բոլոր իշխանությունները, որոնք պաշտպանելու են հայկական շահը. այս իշխանությունն այդ այլընտրանքային ծրագրի հետ անհամատեղելի է, որովհետև այդ ծրագրի նպատակը հայկական շահի պաշտպանությունն է»։

Իսկ ապագայի նախագծի կյանքի կոչման համար առաջնորդ ներկայացնելու խնդիր չկա՞, հարցին էլ Ղազինյանն արձագանքեց.

«Առաջնորդության մարաթոն Հայաստանում բացված չէ, որովհետև առաջնորդներ կան, հետևապես, յուրաքանչյուր անձ, որը մտածում է առաջնորդության մասին, կամ կարծում է, որ առաջնորդի չափանիշներին բավարարում է, իրեն հարց պետք է տա՝ իսկ նման հայտ ներկայացնելով՝ որքանո՞վ ընդունելի կլինի դաշտում արդեն առաջնորդության հայտ ներկայացրած անձանց ու նրանց տակ գտնվող համակարգերի համար։ Բերեմ մի պարզ օրինակ՝ «Դիմադրության» շարժման հանրահավաքների ընթացքում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը կազմակերպեց ընդամենը մեկ հանրային քննարկում, տեսա՞ք՝       ընդդիմության տարբեր շերտերից նրա նկատմամբ ինչպիսի հարձակումներ եղան, այնպես որ, լուրջ մարդիկ, որոնք կարող են առաջնորդության հայտ ներկայացնել, ասում են՝ մենք չենք կարող կռվել ընդդիմության երկու թևերի և իշխանության հետ, որովհետև եթե որևէ մեկը հայտ ներկայացնի, կամ պետք է պայմանավորվի ընդդիմության երկու թևերի հետ, կամ պետք է գա ու այդ թևերի և իշխանության հետ կռվի»,- ասաց Ղազինյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս