«Մոսկվան ցույց տվեց, որ Կովկասում իր ներուժի հետ պետք է հաշվի նստել». Մարկեդոնով
Թվիթերյան Bunin & Co ալիքով ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Սոչիում հոկտեմբերի 31-ին կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունների արդյունքներին:
Նա նշել է, որ ինչ-որ պահի թվում էր, թե Ռուսաստանը դուրս է մղվել խաղաղ գործընթացի լուսանցք, և Մոսկվայի ներգրավվածությունն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը Ղարաբաղը ՌԴ-ի համար վերածել է ոչ հիմնական դիվանագիտական ակտիվի:
Ըստ նրա, տպավորություն էր ստեղծվել, որ Բրյուսելն ու Վաշինգտոնն իրենց ձեռքն են վերցրել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի նախապատրաստումը։
Սակայն վերլուծաբանը վստահեցնում է, որ Սոչիի գագաթնաժողովը ցույց տվեց, որ Ռուսաստանին խաղից դուրս դնելը դեռ վաղ է, Կրեմլը փորձեց վերանվաճել նախաձեռնությանը։
«Եվ եթե 2022 թվականի հոկտեմբերի 31-ի համատեղ հայտարարության տեքստը գնահատենք Մոսկվայի դիրքորոշումները հասկանալու համատեքստում, ապա «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներդրումն իր տեղակայման տարածքում անվտանգության ապահովման գործում» պարբերությունը և «տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու իր ջանքերի պահանջը» շատ խոսուն են։ Ինչպես նաև հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը պահանջված է հակամարտության երկու կողմերի կողմից։ Դրա շուրջ Բաքուն և Երևանը (գոնե պաշտոնական մակարդակով) արդեն հասել են միասնության։
Բայց սա նշանակո՞ւմ է, որ նախաձեռնությունը զավթելու փաստն անվիճելի է։ Իհարկե, ոչ։ Եվ այս մասին ոչ պակաս պերճախոս է Նիկոլ Փաշինյանի Սոչիի բանակցությունների հաջորդ օրը Թեհրան կատարած այցը։ Հայաստանը ձգտում է կառավարել ռիսկերը: Հեռու չէ Բրյուսելում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը։ Արդեն այսօր կա ԵՄ դիտորդների և ԵԱՀԿ ներկայացուցիչների առաքելություն։ Այսօր, անցյալ տարվա համեմատ, Ռուսաստանը գործում է ավելի կոշտ մրցակցային միջավայրում։
Եվ այստեղ խոսքը ոչ միայն Արևմուտքի, այլև Արևելքի մասին է։ Իսկ այն, որ Սոչիի բանակցություններից հետո դրանց արդյունքները դարձան Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանի զրույցի առարկան, նույնպես վկայում է վերը բերված թեզի օգտին։ Ռուսաստանին ավելի դժվար է, քան երեկ, իսկ վաղը այդ դժվարությունները ոչ մի տեղ չեն վերանալու: Սակայն Մոսկվան ցույց տվեց, որ Կովկասում իր ներուժի հետ պետք է հաշվի նստել։ Եվ որքան էլ բարդ լինի ուկրաինական գլուխկոտրուկը, Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները Ռուսաստանի համար մնում են կարևոր»,- գրել է Մարկեդոնովը:
Թարգմանությունը՝ 168.am-ի