«Մենք մտածելու տեղ ունենք, ժողովուրդ ջան, պարզ ասեմ՝ մնալո՞ւ ենք ՀԱՊԿ-ի մեջ, թե՞ դուրս ենք գալու». Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ թե ինչպես ստացվեց, որ 2020 թվականից հետո Հայաստանը կորցրեց 127 քկմ տարածք, պատասխանեց, թե չեն կորցրել, նրանք են ներխուժել ՀՀ տարածք։

«ՀԱՊԿ-ը պարտավոր էր մեզ օգնել, ՀԱՊԿ-ն է պարտավոր, որ նրանց այդ սահմաններից դուրս հանի, եթե ոչ, ապա մենք պետք է համախմբվենք ու պատերազմով վերցնենք՝ մեր բանակի հետ միասին։  Մենք այսօր զինվորի կողքին պետք է լինենք, որպեսզի մեր բանակը ոտքի կանգնի, մարտունակ դառնա, դարձնենք պրոֆեսիոնալ բանակ։

Ո՞վ է ասում, որ մեր բանակը չի պայքարում, վերջին պատերազմում 207 զոհ է եղել Ջերմուկի ու տարբեր ուղղություններով, բա որ բանակը չի պայքարում, ժամկետային զինծառայողներ են զոհվել, այդ ո՞նց  չի պայքարում, սահմանին այսօր ո՞վ է կանգնած։ Ընդդիմությո՞ւնն է գնացել կանգնել սահմանին, թող իրենք մի օր գան սահման, հետո կգան այստեղ ուրիշ ձև կխոսեն։ Առաջվա նման չէ, որ դու այս կողմ կանգնած լինես, իրենք այն կողմ, իրար մեջ մտած կանգնած են»,- նշեց Սասուն Միքայելյանը։

Հարցին՝ այդքանից հետո հնարավո՞ր է Ադրբեջանի հետ խաղաղ ապրել, Սասուն Միքայելյանը պատասխանեց՝ եթե ուզում ես խաղաղ ապրել, պատրաստ եղիր պատերազմի։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է  Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «պետք է կարողանալ հարևանների հետ  կառավարել թշնամությունը», ԵԿՄ նախագահն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական մասն է պահում, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մենք Թուրքիայի հետ ճանապարհ էլ ենք ունեցել։

«Եթե մենք կարողանանք այնպես անել, որ Հայաստանի կոմունիկացիաները Հայաստանի ենթակայության տակ լինեն, բոլոր պետություններն էլ ուզում են, որ կոմունիկացիաներն իրենց տարածքներով անցնեն։ Ասեմ ավելին՝ խորհրդային իշխանությունների ժամանակ  70 տարի առևտուր կար, օրինակ, մեր Հրազդանի շուկան սաղ թուրք էին։ Այստեղ հիմնականում մեծ քաղաքականություն է, գյուղացու խնդիր չէ, և այդ մեծ քաղաքականության մեջ մենք ունենք մեզ դաշնակիցներ, որոնք պետք է մեր կողքին լինեին, բոլոր կողմից կարծես ծրագրված պատերազմ էր։ Եթե այսօր մտան Ներքին Հանդի տարածքները, Վարդենիսի ու Ջերմուկի ուղղությամբ մեր տարածքներ, բա մեր դաշնակիցն ո՞վ է, մենք մտածելու տեղ ունենք, ժողովուրդ ջան. պարզ ասեմ՝ մնալո՞ւ ենք ՀԱՊԿ-ի մեջ, թե՞ դուրս ենք գալու, ՀԱՊԿ-ը մեզ օգնելո՞ւ, թե՞ չէ։

Ես՝ որպես ԵԿՄ նախագահ, այդ մտքին չեմ հանգել, որ թշնամու հետ համատեղ պետք է ապրենք, բայց մեր աշխարհագրական դիրքով և մեր տարածքների հետ կապված, մեր կողքերը լրիվ թշնամի են։

Եթե ընդհանուր մենք հաղթանակի հասնենք, մնացածը թող քաղաքական գործիչներն անեն։ Ասում են՝ ամեն ինչ գցում եք նախորդ իշխանությունների վրա, բա ո՞ւմ վրա գցենք, ինչպե՞ս եղան միլիարդեր, սոված սատկում էին, միլիոնների հետ են խաղում, աշխարհի միլիոնատերերի տասնյակի մեջ կան, սա այս պետության, բանակի ու ազգի հաշվին է եղել»,- շեշտեց նա։

Շարունակելով միտքը՝ Սասուն Միքայելյանը նաև ասաց, որ սահմանին լինելով՝ հասկանում է, որ ամեն ինչ պետք է անել, որ թշնամին առաջ չգա և վաղը-մյուս օրը սահմանազատման ժամանակ չասի, թե դրանք իր տարածքներն են։

Տեսանյութեր

Լրահոս