«Եթե դու ստեղծած լինեիր արդյունավետ աշխատատեղեր, 100.000 մարդ ՀՀ-ն չէր լքի». Հրանտ Բագրատյանը հակադարձում է

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ավետել է «նոր բացարձակ ռեկորդի մասին».  խոսքն ամենևին գնաճի ռեկորդային ցուցանիշների մասին չէ, որոնց ամեն օր բախվում է քաղաքացին, այլ նոր աշխատատեղերի մասին:

«2022 թ. սեպտեմբերին մենք եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր՝ բացարձակ ռեկորդ ենք սահմանել. ՀՀ պատմության համար,  և 2 022 թվականի սեպտեմբերին ունեցել ենք 691 հազար 87 աշխատատեղ, որը մեր նախորդ ռեկորդից ավել է 10 հազարով: Իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականի հունիսին՝ 681 հազար 50 աշխատատեղ,- գործադիրի հերթական նիստում հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ ցուցանիշը  2021 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 39 հազար 946-ով կամ 6.1 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 108 հազար 312-ով կամ  18.6 տոկոսով,- Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր՝ 108 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել, ստվերից դուրս եկել: Մենք, ցավոք, մեթոդաբանությունը չունենք հստակ զատորոշելու»:

168.amը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ, միջազգային կառույցները ՀՀ–ի համար 2022 թվականին կանխատեսում են աղքատության՝ 40-ից ավել տոկոս ցուցանիշ՝ հակառակ երկրում աճող եկամուտ ապահովող աշխատատեղերի:

Ի պատասխան՝ նա ներկայացրեց մի քանի տվյալներ.  «5 տարվա վիճակագրությամբ եկամուտները չեն ավելացել, ու այդտեղ պետք է հաշվի առնել նաև գնաճը: Կարող եմ ասել, որ 5 տարում Հայաստանը լքել է ավելի քան 100 հազար ՀՀ քաղաքացի: Ինչ վերաբերում է աշխատատեղերի ավելացմանը՝ դրանք կեղծ հայտարարություններ են. աշխարհում ոչ ոք նման վիճակագրություն չի վարում:

Կարդացեք նաև

Եթե դու ստեղծել ես, պայմանականորեն, 10.000 դրամանոց աշխատավարձով աշխատատեղ, դա չի կարող համարվել աշխատատեղ. եթե դու ստեղծած լինեիր արդյունավետ աշխատատեղեր, 100.000 մարդ ՀՀ-ն չէր լքի: Հետևապես, աշխատատեղերի մասին թիվը կամ կեղծ է, կամ էլ այնպիսի անորակ, ցածր վարձատրվող աշխատատեղեր են, ուր մարդիկ չէին գնում աշխատելու՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա»:

Հրանտ Բագրատյանը նման հայտարարությունները որակեց էմպիրիկ դատողություններ և հիշեցրեց, որ ինչպես աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում, վարվում է զբաղվածների թվի վիճակագրությունը, ըստ որի՝ զբաղվածների թիվն այս իշխանության օրոք պակասել է:

«Զբաղվածները պակասել են. շատ ավելի քիչ են, քան Սերժ Սարգսյանի օրոք»,- հավելեց տնտեսագետը:

Տեսանյութեր

Լրահոս