«Կարծում եմ՝ այս քայլը սպասելի էր և տեղին». Հրաչյա Հակոբյանը՝ Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ եթե այլ երկրի քաղաքացին խառնվում է Հայաստանի ներքին գործերին և, օրինակ, հայտարարություն է անում, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, կամ միջամտում է այլ ներքաղաքական հարցերի, ապա նրա մուտքը տվյալ երկիր արգելելը սպասելի էր։
«Կարծում եմ՝ այս քայլը սպասելի էր և տեղին։ Արդեն ասացի, ոչ միայն տեղին եմ համարում, այլև ասացի, թե ինչու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ անդրադառնալով ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի ՀՀ մուտքի արգելքին։
Ըստ նրա, Հայաստանն ունի իր ներքին քաղաքական կյանքը, և ցանկալի չէ, որպեսզի որևէ այլ երկրի քաղաքական գործիչ կամ որևէ մեկն այլ երկրից մեր ներքաղաքական կյանքին որևէ ձևով միջամտի։
«Եթե այլ երկրի քաղաքական գործիչն անում է հայտարարություններ և ասում, որ պետք է վարչապետը հրաժարական տա, դա ինչ-որ ձևով միջամտություն է մեր ներքին քաղաքական կյանքին։ Որքան գիտեմ, մեկ հայտարարություն չի եղել, տարբեր առիթներով նա փորձել է ներքաղաքական կյանքին որևէ ձևով միջամտել։ Այստեղ վտանգի հարցը չէ, ինչո՞ւ մենք պետք է թույլ տանք, որ որևէ օտար երկրի քաղաքացի, առավել ևս՝ պաշտոնյա, ինչ-որ ձևով միջամտի և, այսպես ասած՝ խառնվի մեր ներքաղաքական գործերին»,- հավելեց իշխանական պատգամավորը։
Նա նաև շեշտեց, որ իրենց խմբակցությունում այդ հարցը չեն քննարկել։