Բաժիններ՝

Տեսա կոռուպցիոն ռիսկեր, թալան. ցածր միավորներով երեխաներին ընդունել էին անվճար բաժին, անվճար սովորողին՝ վճարովի. Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսները հոկտեմբերի 12-ից վերսկսեցին քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականի պահանջով գործադուլը։ Սեպտեմբերի 8–ից բողոքի ակցիաներ անող քոլեջի դասախոսական անձնակազմը բարձրաձայնում է քոլեջի տնօրենի անօրինականությունների մասին և պահանջում նրա հրաժարականը։

Իրավիճակն Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ավելի սրվեց, երբ Անգին Արշակյանն աշխատանքից ազատեց Ֆիզկուլտուրայի մասնագետ Արամ Արզումանյանին և բուժքույր Զեփյուռ Սահակյանին։

Քոլեջի դասախոս Թագուհի Հովակիմյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր,  որ Արշակյանի հետ տարաձայնությունները սկսվել են դեռ ամիսներ առաջ, երբ նա դպրոցի դասասենյակներից մեկից հեռացրել էր 44-օրյա պատերազմի մասնակիցների լուսանկարները։

168.am-ը բարձրացված խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատեց Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի  տնօրեն Անգին Արշակյանի հետ: Նա, ի դեպ, 2022թ. մարտի 24-ից է  զբաղեցնում տնօրենի պաշտոնը:

Կարդացեք նաև

Անգին Արշակյանը նշեց, որ բացի իրենից, տնօրենի մրցույթին մասնակցել է ևս մեկ հոգի՝ բիզնեսի և ոչ կրթության ներկայացուցիչ՝ Կարեն Հովհաննիսյանը:

«Երբ մրցույթով անցա և այդ հաստատությունում նշանակվեցի տնօրեն՝  բազմաթիվ խնդիրներ տեսա. կոռուպցիոն ռիսկեր, թալան: Նույնիսկ սարսափ ապրեցի: Գրեցի լիազոր մարմնին, որ տեսչական և աուդիտորական ստուգում իրականացվի: Մոտ 22 տարի լինելով կրթական համակարգում՝ ես ցավ ապրեցի՝ ինձ հարց տալով, թե այս ո՞ւր եմ եկել: Երբ քննարկմանը մասնակցեցի՝ ինձ հարցրեցին, թե պատրա՞ստ եմ այդ ամենը շտկել, պատասխանեցի, որ այո:

Շտկել եմ բոլոր կետերը՝ բացի մեկից, այն է, անցած տարվա մրցութին ցածր միավորներով երեխային արհեստականորեն բարձր միավորի տակ էին դրել և ընդունել անվճար բաժին, իսկ անվճար սովորող երեխային դրել էին ցածր միավոր ու վճարովի բաժին գցել: Դժգոհության ալիք բարձրացավ, երբ այս տարի ընդունելությանը ես չներգրավվեցի նույն հանձնաժողովին՝ վախ ապրելով, որ հանկարծ չկրկնվեն այդ նույն կոռուպցիոն ռիսկերը, լինի ազնիվ, արդար ընդունելություն: Պարզապես իրենք զրկվեցին ընդունելության ժամանակ այլ միջոցներ ունենալու հնարավորությունից. ես փակել եմ այդ ճանապարհները»,- մեզ հետ զրույցում ասաց Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենը՝ հավելելով, որ բացի դրանից՝ ոչ մասնագետը պարապել է մասնագիտական առարկաներ, կամ  Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի 1-ին կամ 2-րդ կուրսի ուսանողն արդեն դասախոս է:

«Հանրակրթության մասին օրենքով կարող է դպրոցի ուսուցիչը, ուսանող լինելով՝ աշխատել, բայց միջին մասնագիտականի դեպքում իրավունք չկա: Կրթության տեսչական մարմինը սահմանել էր, որ մինչև ապրիլի 29-ը ազատեմ այդ ուսանող դասախոսին, որ նրան փոխարինի մրցույթով անցած մեկ այլ դասախոս: Երկրորդ խնդիրն արձանագրվել է աուդիտորի կողմից և բուժքրոջ մասով է: Հաստատությունը չունի բուժկետ: Մենք պետք է ունենանք լիցենզավորված բուժկետ, որտեղ պետք է լինի վերապատրաստված բուժքույր»,- մանրամասնեց Անգին Արշակյանը:

Տնօրենն անդրադարձավ նաև արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների լուսանկարները հեռացնելու մասին ահազանգերին՝ նշելով. «Երբ աշխատանքի ընդունվեցի՝ այդտեղ, կար խաչքար, որը, կարելի է ասել, չէր երևում: Հետնամասում ծառատունկ եմ կազմակերպել, որ մեծանա, պուրակ դառնա: Սկզբում ամբողջը ծխախոտի մնացորդներ էին լցված: Հավաքել եմ, ուսանողներին հրավիրել եմ, ասել, որ այլևս չծխեն ու այստեղ չնետեն մնացորդները: Իսկ, երբ մտնում եք շենք, մուտքի մոտ՝ պատին, փակցված են 44-օրյա, իսկ մյուս պատին՝ քառօրյա պատերազմում հերոսացած   մեր տղաների նկարները: Իմ օգնականը քառօրյա պատերազմի հերոս Սաշա Գալստյանի քույրիկն է, ով  մի անգամ ասաց, թե ի՞նչ կարելի է  անել, արդյո՞ք կարող ենք ունենալ փառքի լսարան, ոչ թե մուտքի մոտ լինի, երբ ամեն օր անցնում-դառնում են: Անգամ սեպտեմբերի 1-ին գեղեցիկ միջոցառում էինք նախատեսում»:

Ինչ վերաբերում է քոլեջում տեսախցիկներ տեղադրելուն, որը, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ ոչ նպատակային ծախս է, Անգին Արշակյանը հայտնեց, որ դա եղել է ոստիկանության խնդրանքը:

«Բազմիցս Էջմիածնից հասել եմ Հոկտեմբերյան՝ տեսնելով, որ դռները բացված  են և շենքից մատերիալ է դուրս գալիս: Բա ափսոս չէ՞: Գյուղատնտեսական նշանակության հաստատություն է, ամեն մի խողովակ, ձող թանկ արժե: Ի դեպ, տեխնիկայի հետ կապված քրեական գործեր են հարուցված»,- ասաց քոլեջի տնօրենը:

Անգին Արշակյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում հանդես է գալու մամուլի ասուլիսով:

Տեսանյութեր

Լրահոս