Բաժիններ՝

Երևանի ավագանին ընդունեց քաղաքի 2023-2025թթ. ծախսերի միջնաժամկետ ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը ներկայացրեց, որ Երևան քաղաքի 2023-2025թթ. եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար՝ 106,334,807.6, 111,598,646.5 և 153,448,912.7 հազար դրամ: Երևան քաղաքի 2023-2025թթ. եկամուտների կազմում՝ սեփական եկամուտների ցուցանիշը համապատասխանաբար կազմում է 37,684,022.3, 43,282,897.5 և 51,748,345.8 հազար դրամ, և սույն դինամիկան դիտարկելիս հարկ է արձանագրել, որ աճը կանխատեսվում է 5 տարվա կտրվածքով, հաշվի առնելով նաև 2021 թվականը՝ 30,693,825.8 հազար դրամ, և 2022 թվականը՝ 34,538,631.0 հազար դրամ:

Հարակից զեկուցող ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Գևորգյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է հանձնաժողովում, ստացել է դրական եզրակացություն:

Ելույթի համար գրանցված՝ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը շեղվելով հարցից՝ նշեց. «Ինձ փոխանցել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատակազմից փորձում հեռացնել փուչիկ վաճառող երիտասարդին՝ Արմենին, որը նաև երրորդ կարգի հաշմանդամ է: Քաշքշոց է տեղի ունեցել, և պայթեցրել են Արմենի ապրանքը, որը վաճառում էր: Իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ Արմենը չի դիմել՝ շրջիկ առևտրով զբաղվելու համար, որովհետև սահմանված վայրերը փուչիկ վաճառելու համար անիմաստ են, քանի որ այնտեղ երեխաներ չեն լինում»:

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Գևորգյանն էլ անդրադառնալով դեպքին՝ պարզաբանեց. «Խնդիրն այս դեպքում շրջածախ առևտրին է վերաբերում: Շրջիկ առևտրի համար մենք սահմանել ենք 51 վայր, որտեղ կարող են առևտուր իրականացնել հատուկ կահավորմամբ, սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխանող ավտոմեքենաները, իսկ շրջածախ առևտուր կարող են իրականացնել մեր այն քաղաքացիները, որոնք նախապես տվյալ վարչական շրջանում դիմումով տեղեկացնում են նախաձեռնության վերաբերյալ: Ամենակարևորը, շրջածախ առևտուր իրականացնողը չպետք է իր վաճառվող ապրանքը դնի գետնին»:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս