«Տղաների դիերը հանձնվել են հայկական կողմին՝ ներկայացնելով՝ որպես մարտի դաշտում զոհված զինծառայողների դիեր». Սիրանուշ Սահակյան
Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ ադրբեջանցի զինվորականները գնդակահարում են հայ գերեվարված զինծառայողներին։
168.am–ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ կան նույնականացված զինծառայողներ, բայց այս պահին ոչ բոլորին են նույնականացրել։
«Նույնականացման աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են։ Մի քանիսի դիերը, որոնց նույնականացրել ենք, Ադրբեջանը հանձնել է հայկական կողմին, նրանց հուղարկավորել են։ Մեծ հաշվով, կարող ենք արձանագրել, որ այդ խմբի տղաների դիերը հանձնվել են հայկական կողմին՝ ներկայացնելով՝ որպես մարտի դաշտում զոհված զինծառայողների դիեր»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։
Ինչ վերաբերում է գերիներին և հարցին՝ սեպտեմբերի 13-ից հետո հայկական կողմին վերադարձրած 17 գերիներից բացի, այլ գերիներ կա՞ն Բաքվում, որոնք գերեվարվել են սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի հարձակման հետևանքով, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ գերեվարված անձանց թիվը 17 չէ, առնվազն կրկնակի ավելի գերեվարումներ են եղել, և եղած տեսանյութերն այդ ամենը հիմնավորում են։
«Այլ հարց է, որ նրանց կյանքը ոչ թե պաշտպանվել է, այլ, մարդասիրական նորմերի կոպտագույն խախտումներով, նրանց գնդակահարել են։ Կարծում եմ՝ ողջ մնացածներին վերադարձրել է ադրբեջանական կողմը, իսկ մյուս գերիներին, որոնց սպանել են, բնականաբար, կխուսափեն այդ փաստերն ընդունելուց։ Մենք ընդամենն ապացույցների ճնշման ներքո պետք է հասնենք այդ փաստերի արձանագրմանը միջազգային կառույցներում։ Այստեղ ակնկալել որևէ գործընկերային կամ բարեխիղճ վարք Ադրբեջանի կողմից՝ ուղղակի անիմաստ է, նրանք չեն խոստովանելու իրենց կողմից կատարված պատերազմական լայնամասշտաբ հանցագործությունները։
Մեկ կարևոր հանգամանք ևս՝ այն բոլոր մասշտաբային դեպքերում, որոնք մենք բացահայտել ենք՝ ներգրավված են հատուկ վերապատրաստում անցած, հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Այս ամենը նշանակում է, որ հայերին սպանելը, բնաջնջելն ու խոշտանգելն իրականացվում է պետական մակարդակով։ Այստեղ մենք գործ ունենք ոչ թե անհատ զինծառայողի նախաձեռնության հետ, որն ամենուրեք կարող է պատահել, այլ ծրագրավորված, կազմակերպված հանցագործության հետ»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։
Նշենք, որ ավելի վաղ Սիրանուշ Սահակյանն ասել էր, որ տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, տեսանյութում երևում է 4-ի գնդակահարությունը: Սակայն տեսանյութում այլ հայ գերիներ ևս եղել են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը կրկին հարձակվել էր Հայաստանի վրա, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է 3 զոհ։