Գրողները դիմել են Սերժ Սարգսյանին՝ «Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը պետք է կատարվի Կոմիտասի անվան պանթեոնում»
ՀՀ կառավարությունը որոշել է քաղաքացիական հուղարկավորությամբ հողին հանձնել նորագույն ժամանակների հայ լավագույն բանաստեղծներից մեկի, ՀԳՄ քարտուղար, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Գրիգորյանի աճյունը, ով, ինչպես արդեն տեղեկացրել էինք, մահացել է այսօր առավոտյան:
«Մենք համամիտ չենք կառավարության որոշման հետ և ուզում ենք, որ Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը կատարվի Կոմիտասի անվան այգու պանթեոնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ ավելացնելով, որ խնդրի լուծման համար իրենք բաց նամակ են ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև դիմել են ՀՀ Կառավարությանը, որտեղից նախաձեռնողները պատասխան են ակնկալում գոնե բանաստեղծի հոգեհանգստի արարողությունից հետո:
Ստորև ներկայացնում ենք բաց նամակն՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.
«Այսօր առավոտյան մեզնից հեռացավ բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը:
Գրիգորյանը 60-ականների բանաստեղծական փայլուն սերնդի ամենաակնառու ներկայացուցիչներից է: Սերունդ, որ իրապես փոխեց հայ բանաստեղծության ընթացքը: Իր «Աշուն» աղմկահարույց բանաստեղծությամբ, այնուհետև 10-ից ավելի բանաստեղծական ժողովածուներով Գրիգորյանը հայ բազմադարյան պոեզիան բարձրացրեց բոլորովին նոր մակարդակի` սահմանելով բարձր նշաձող ու մեծ ազդեցություն թողնելով հետագայում ասպարեզ մտած գրեթե բոլոր բանաստեղծական սերունդների վրա: Նրա ստեղծագործությունը հայ գրականության այն բացառիկ մասնավորություններից է, որ բարձր է պահում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր գրականության հարգը նաև համաշխարհային գրականության անդաստանում: Պատահական չէ, որ նրա գրքերը թարգմանվել ու հրատարակվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
Գրիգորյանը նաև բացառիկ ներդրում ունի համաշխարհային գրականության լավագույն արժեքները հայերեն թարգմանելու գործում, այն էլ` իսպաներենից:
2012-ին նա արժանացել է ՀՀ պետական մրցանակի: Հովհաննես Գրիգորյանը բացառիկ մշակութային երևույթ է, անհատականություն, որ մշտապես ունեցել է քաղաքացիական բարձր գիտակցություն և մեծապես նպաստել հայոց պետականության զարգացման ու կայացման գործընթացին: Աներկբա է, որ նա իր պատվավոր տեղը պետք է ունենա հայ գրականության, արվեստի ու մշակույթի մեծ դեմքերի կողքին` Կոմիտասի անվան այգու պանթեոնում: Մենք` գրողներս, գրականագետներս, մշակույթի գործիչներս, խնդրում ենք ընդառաջել մեզ և կատարել համապատասխան կարգադրություն, որպեսզի Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը կատարվի Կոմիտասի անվան այգու պանթեոնում»: