Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել է աշխարհում պարենային անվտանգության վատթարացման մասին
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է համաշխարհային պարենային անվտանգության հետ կապված իրադրության հետագա վատթարացում ՝ չնայած սննդամթերքի գների որոշակի կայունացմանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ուրբաթ հրապարակված զեկույցում հիմնադրամը զգուշացնում է պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, որը մասշտաբներով առնվազն համադրելի կլինի 2007-2008-ի դժվարությունների հետ, երբ «շատ երկրներ բախվել են պարենի սուր դեֆիցիտի, որոնք հանգեցրել են նշանակալի աղետների և բազմաթիվ մահերի»:
«Չնայած պարենամթերքի համաշխարհային գները վերջերս նվազել են, պարենային անվտանգության հետ կապված իրավիճակը, հավանաբար, կվատթարանա»,- ասված է փաստաթղթում: Գները, ԱՄՀ-ի տվյալներով, թեև նահանջել են ապրիլի-մայիսի ռեկորդային արժեքներից, միևնույն է, մնում են «պատմականորեն բարձր մակարդակի վրա»:
Հիմնադրամն ընդունում է, որ իրավիճակը դժվար կանխատեսելի է, և ռիսկի գործոնների թվում նշում է պարենի կրճատվող պաշարները, Ուկրաինայից ագրարային արտադրանքի արտահանման բարդությունները, պարարտանյութերի և էներգակիրների թանկությունը, բրնձի բերքի բացասական կանխատեսումները: