Ադրբեջանական քարոզչամեքենան տարածում է կեղծ, ինչպես նաև 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութեր. ՊՆ
Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը: Սա հերթական ապատեղեկատվությունն է, որն ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար»,- ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը:
Թորոսյանի խոսքով` այս գիշեր ադրբեջանական զինված ուժերը, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն` թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը:
«Հակառակորդը ստանում է արժանի պատասխան: ՀՀ ԶՈւ-ն ամբողջ ծավալով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները: Ժամը 12:00-ի դրությամբ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է: Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց` առավել ևս հրապարակելուց»,-նշեց նա:
Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով:
Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 49-ն: