«Դիրքերում մշտապես անօդաչուներ են պտտվում, ժամանակ առ ժամանակ կրակում են՝ ծանր հրետանիից, ավտոմատներից». Գորիսի փոխհամայնքապետ
Գորիսի համայնքապետի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը տեղեկություններ չունի, թե քաղաքում ի՞նչ իրավիճակ է, քանի որ կեսգիշերն անց համայնքապետի գլխավորությամբ գնացել են դիրքեր և մինչև այս պահը շարունակում են մնալ այնտեղ։
«Գորիս քաղաքում իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ չունեմ, սակայն դիրքերում իրավիճակն այնպես է, որ մշտապես մեր գլխավերևում անօդաչուներ են պտտվում։ Ժամանակ առ ժամանակ կրակում են, ծանր հրետանիից, ավտոմատներից»,- նշեց Արտյոմ Աղաջանյանը։
Նա դժվարացավ ասել, թե կոնկրետ այս պահին թշնամին ինչ նպատակներ է հետապնդում, բայց մեկ բան հաստատ է՝ թշնամին ինչքան կարողացավ, այնքան վերցնելու է։
Փոխքաղաքապետը նաև ընդգծեց, որ իր հետ ինչքան մարդ կա, բոլորի մարտական ոգին բարձր է։
«Ոչ մեկը չի կոտրվում՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով կանգնած են։ Ատամներով պետք է պահել այն, ինչ մնացել է մեր երկրից, հետագայում էլ փորձենք առաջ գնալ»,- շեշտեց Արտյոմ Աղաջանյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ԱԺ-ում արած հայտարարությանը, թե Ադրբեջանի նպատակը Նռնաձորից մինչև Երևանն է, Արտյոմ Աղաջանյանը այսպես մեկնաբանեց.
«Երևի իրենք իրար հետ, ախպերներով որոշել են, որ մինչև Երևանն էլ կտան։ Ամեն դեպքում խայտառակություն է, չգիտեմ՝ մինչև երբ այսպես կարող է շարունակվել, եթե այս պահին մեր գլխավերևում անօդաչուներ են պտտվում, և որևէ բանով սրանց դեմը չեն առնում, չեմ հասկանում, էլի, մինչև երբ պետք է այսպես լինի։
Կրակոցների ինտենսիվությունն այնպես չէ, որ կարող է լայնածավալ ռազմական գործողությունների վերածվել, բայց հնարավոր է նաև վերածվի, հստակ չեմ կարող ասել։ Գիշերվանից այստեղ ենք, ու որևէ րոպե կրակոցները չեն դադարել»,- եզրափակեց Արտյոմ Աղաջանյանը։