«Եթե 100-200 հոգով ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, դա չունի այն հիմքը, որ դրան արձագանքենք». Հովիկ Աղազարյան
Սեպտեմբերի 13-ին, օրվա երկրորդ կեսին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հասարակական-քաղաքական գործիչներ «Ոտքի՛, հայրենիք ենք կորցնում» կարգախոսով բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ շենքի մոտ։ Նրանց պահանջն էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ նրա մնալով՝ ամեն օր Հայաստանի սահմանին զոհեր են լինում։
Բաղրամյան պողոտայում հավաքվելուց հետո, բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Դեմիրճյան փողոց, որտեղից էլ դուրս էին գալու ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Դեմիրճյան փողոցում ակցիայի մասնակցները տեսան իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանին, երբ իրենց բողոքը ներկայացրեցին, վերջինս նրանց կոպիտ խոսքով «ռադ եղեք» ասաց, ի պատասխան՝ ակցիայի մասնակիցը հակադարձեց։
«Դուք մեր ազգին կործանել եք»,- դիմելով պատգամավորին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մի մասնակիցն էլ նրան անվանեց կապիտուլյանտ, ինչին Հովիկ Աղազարյան «զահռումար» ոչ հայկական բառով հակադարձեց։
Կարին Տոնոյանը Հովիկ Աղազարյանին ասաց, որ նրա խոսքը պատգամավորի խոսք չէ, այլ անկիրթ մարդու խոսք։ Սակայն Հովիկ Աղազարյանը կրկին սկսեց վիրավորել ակցիայի մասնակիցներին՝ նրանցից մեկին անվանելով լակոտ:
Իրավիճակն աստիճանաբար լարվեց, միջամտեցին ոստիկանները։ Երբ ակցիայի մասնակիցները փոքր-ինչ հեռացան իշխանական պատգամավորից, 168.am-ին հաջողվեց հարց ուղղել նրան, թե ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականն են պահանջում, ի՞նչ կասի դրան. Հովիկ Աղազարյանն ասաց. «Եթե 100-200 հոգով ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, դա չունի այն հիմքը, որ դրան արձագանքենք»։
Այնուհետև կարմիր բերետավորներից մեկի ուղեկցությամբ Հովիկ Աղազարյանը հեռացավ, իսկ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել ակցիայի մասնակից երիտասարդ աղջիկներից մեկին։
Մանրամասները՝ 168.am-ի հետ զրույցում