«Ամեն ինչ թողել, փախել ենք․ Եղնիկի արձանի մոտի անտառները վառվում են»․ Ջերմուկի բնակիչ
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև Ջերմուկ քաղաքը։
168.am-ը կապ հաստատեց Ջերմուկի բնակիչներից մեկի՝ տիկին Գայանեի հետ, որը ընտանիքի անդամների հետ մի կերպ է դուրս եկել քաղաքից․
«Կեսգիշերին ահավոր դղրդոցներ լսվեց, սկզբից մտածեցինք՝ սալյուտ ա, նայեցինք՝ ի՞նչ սալյուտ, սաղ ժողովուրդը փախնում էր։ Ով ոնց կարողացավ, ուր հասցրեց՝ փախավ։ Որ կարծում էին՝ այդ լուսավորությունը տան մեջ էր, էդ վախը, էդ սարսափը աչքներիս առաջ․․․»։
Ճշտող հարցին՝ ազդանշաններ միացվել են, կազմակերպվե՞լ է բնակիչների տարհանումը, ապաստարաններում տեղավորումը, Ջերմուկի բնակիչն ասաց, որ որևէ գերատեսչություն չի զբաղվել խնդրով․
«Ոչ մի նախազգուշացում, ոչ մի կազմակերպվածություն, էս երկիրն անտեր է, էս երկիրը մենք ենք՝ աղքատ մարդիկս։
Երեք օր շարունակ մեր գլխի վերևը ուղղաթիռներ էին պտտվում, բայց ոչ զգուշացրել էին, ոչ՝ բան։ Միայն տեսնեիք՝ ժողովուրդը ուր հասցրեց՝ փախավ, իջանք շենքի նկուղ։ Ամբողջ Ջերմուկ քաղաքի ժողովուրդը հավաքվել լցվել էին 2 շենքի պադվալները, միայն մի շենքի պադվալում 200-300 հոգի մարդ էինք, իրար քիփ կանգնած՝ մութ, խոնավ․․․
Ահավոր է մեր ժողովրդի վիճակը, որովհետև մենք ղեկավար չունենք, ովքե՞ր են մեր ղեկավարները, թուրքեր են, Հայաստանը ղեկավար չունի․ սարսափով ինչքա՞ն կարելի է ապրել, ամեն ինչ թողել, փախել ենք։ Մենք հիմա Ջերմուկում չենք, հարակից գյուղում ենք»։
Տիկին Գայանեին հարցրեցինք՝ տեղյա՞կ է արդյոք՝ բնակիչների շրջանում վիրավորներ կա՞ն, ինչպես նաև քաղաքում ավերածությունները շա՞տ են․
«Իմ տեղեկություններով՝ քաղաքի կենտրոնական հատվածներում ավերածություն չկա, բայց շուրջբոլորն ավերել են, հիմա քաղաքը դատարկ է․․․ Թշնամին գիշերը նաև կրակել է Ջերմուկի խորհրդանիշ «Եղնիկի» արձանի հատվածի անտառներին։ Գիշերն այնտեղ հրդեհ էր բռնկվել, մինչև հիմա էլ ծուխ է բարձրանում, ամբողջը վառվում է․ դե ո՞վ պետք է գնար այդ ժամին կրակը հանգցներ, ամբողջ քաղաքը փախեփախի մեջ էր»։
168.am-ը փորձեց կապ հաստատել նաև Ջերմուկի համայնքապետի, ինչպես նաև Վայոց ձորի մարզպետի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։