Երկարաձգվել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ին տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության ժամկետը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետությամ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից, փոփոխություն է կատարվել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածներում մի շարք ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմաններում և հաջորդ հարցով բավարարել է նույն ընկերության ներկայացրած հայտը, երկարաձգելով ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների հատվածներում մի շարք ռադիոհաճախականությունների օգտագործման N 0002 թույլտվության գործողության ժամկետը՝ մինչև 2031 թվականի նոյեմբերի 19-ը:

Հանձնաժողովի որոշմամբ «Ֆլեշ-Պլյուս» ՍՊԸ կողմից տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման հատկանիշների (Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում իրացվող բենզինի և դիզվառելիքի իրացման գների տարբերությունը նախկին 20 դրամի փոխարեն կազմում է 30 դրամ) առկայությունը պարզելու նպատակով հարուցվել է վարչական վարույթ:

Հանձնաժողովն Արցախի Հանրապետության տարածքում մի շարք մեգահերց հաճախությունների շերտերում հայտարարել էր ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի կաբելային (լարային) հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ: Մրցույթի մասնակիցները («Ռադիո Հոլդինգ» ՓԲԸ, «Ազգային ռադիո և հեռուստատեսություն» ՍՊԸ և «Միքս Մեդիա» ՍՊԸ ) ներկայացրել են մրցութային առաջարկները և սահմանված կարգով նիստն ընդհատվել է ընկերությունների մրցութային հայտերն ուսումնասիրելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս