«Արդյոք ՔԿ–ն ուսումնասիրե՞լ է Նիկոլ Փաշինյանի որոշումները և հայտարարությունները, ունեցե՞լ են դրանք ծանր հետևանքներ». Վիտալի Մանգասարյան
Պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատարի պարտականությունները կատարած Ջալալ Հարությունյանին և Միքայել Արզումանյանին մեղադրանքներ են առաջադրվել հնչեղություն ստացած պատերազմական դրվագներով և օպերացիաներով, որոնց, հատկապես, առնչություն ունի հենց Նիկոլ Փաշինյանը՝ Շուշի, հոկտեմբերյան հայտնի օպերացիան, որը ստացավ «Լելե Թեփե» անունը, և այլն:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը 168.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ՊԲ նախկին հրամանատարների մեղադրանքներում նշվում է, որ նրանց կայացրած որոշումները և գործողությունները հանգեցրել են ծանր հետևանքների, սակայն հարց է առաջանում՝ արդյոք Քննչական կոմիտեն ուսումնասիրե՞լ է Նիկոլ Փաշինյանի կայացրած և ստորագրած որոշումները, հայտարարությունները:
«Մասնավորապես, արդյո՞ք պատերազմի ծանր օրերին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ով ունի տանը սաղավարտ, զրահաբաճկոն, տաք վերարկուներ, թող տանի-թողնի կենտրոնական հավաքակայան, կամ վերցնի և մեկնի մարտի դաշտ, առնվազն հոգեբանական ազդեցություն չի ունեցել մեր զինված ուժերի ստորաբաժանումների վրա, ինչն իր հերթին՝ հանգեցրել է ծանր հետևանքների:
Երկրորդ՝ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը RBK-ին տված հարցազրույցում նախապես հրապարակայնացրել էր ռազմական օպերացիան:
Նա, մասնավորապես, ասել էր. «Այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը ստանում է ջախջախիչ հարվածներ»:
Այսինքն, մանրամասներով նկարագրել էր, թե ինչպիսի գործողություններ են պլանավորված այդ ուղղությամբ: Արդյոք Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը ծանր հետևանքներ չի՞ ունեցել տարածքային և մարդկային կորուստների տեսքով»,- նշեց փորձագետը:
Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդունեց՝ պատերազմը կարող էր այլ ելք ունենալ անգամ մեր բանակի սուղ ռեսուրսներով՝ իհարկե, մեղադրական սլաքն ուղղելով զինվորականությանը:
Վիտալի Մանգասարյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ նշել է, որ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն այլընտրանք չի ունեցել, և նա ստիպված է եղել ստորագրել այդ հայտարարության տակ:
«Սրանից հետո Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով ասել է, որ իր այս որոշման արդյունքում 25.000-30.000 մարդկային կյանք է փրկել, և չի թողել, որ համապատասխան քանակությամբ ստորաբաժանումները հայտնվեն շրջափակման մեջ: Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կարող էր պատերազմում այլ ելք լինել: Առաջին հայացքից թվում է, թե հրամանատարներին առաջադրված մեղադրանքների ֆոնին սա կարող է քաղաքական հայտարարություն լինել, բայց ես այլ կողմից եմ ուզում դիտարկել նրա այս հայտարարությունը:
Այն է՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի տիրապետել իրավիճակին, քանի որ չի կարող գերագույն հրամանատարը պատերազմական կամ ռազմական դրության ժամանակ ինչ-որ հայտարարություններ անել, հետո ստորագրել եռակողմ հայտնի համաձայնագիրը, իսկ մեկ-երկու տարի անց հայտարարել՝ պատերազմը կարող էր այլ ելք ունենալ:
Կրկնում եմ՝ այս ամենը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ իրավիճակին չի տիրապետել»,- շարունակեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը՝ շեշտելով, որ պատերազմը վարում է պետությունը, ռազմաքաղաքական ղեկավարությունը, և այս բուրգի վերևում կանգնած է վարչապետ Փաշինյանը:
«Ռազմական ղեկավարությունը, բնականաբար, իր մեղքի բաժինն ունի այդ ամենում, սակայն պատասխանատվության և մեղավորության առյուծի բաժինը, տրամաբանական է, որ պետք է կրի Նիկոլ Փաշինյանը, քանի որ պատերազմի օրերին վերջնական և կարևոր որոշումները հաստատվել ու ստորագրվել է նրա կողմից»,- ընդգծեց ռազմական վերլուծաբանը:
Ըստ Մանգասարյանի, բարձրաստիճան զինվորականությունից կարևոր է շատ քիչ թվով մարդկանց խոսելը, և դա առաջին հերթին պատերազմի օրերին ԳՇ-ն ղեկավարած, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն է, իր տեղակալները, նաև՝ պատերազմի օրերին եղած Պաշտպանության բանակի ղեկավարությունը, որոնք լուրջ ինֆորմացիաների և նրբությունների են տիրապետում, որը հասանելի չէ լայն հասարակությանը:
«Նրանք առնվազն իրենց պաշտպանության համար պետք է խոսեն, ինչը, իհարկե, նրանց չի ազատում իրենց բաժին մեղքից: Բայց նրանք Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր չլցնելու համար պետք է որոշակի քայլեր անեն: Այլապես լայն հասարակության ընկալումներում ամրապնդվելու է, որ մեղավոր են միայն գեներալները, զորամասի հրամանատարները, կարճ ասած՝ զինվորականությունը, իսկ քաղաքական ղեկավարությունը մեղքի բաժին չունի»,- ասաց մեր զրուցակիցը:
Վիտալի Մանգասարյանը շարունակեց, որ Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանի այն հայտարարությունը, որ հրամանատարներից հրամաններ են եղել, որոնք ինքը չի կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես, հուշում է, որ մոտ ապագայում տարբեր տրամաչափի զինվորականների նկատմամբ տարբեր քրեական գործեր են հարուցվելու, այդ թվում՝ գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատար: