Դավութօղլուն առաջարկել է Իրանի միջուկային ծրագրով զբաղվող «5+1» խումբը վերածել «5+3»-ի
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ցանկանում է մասնակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդ երկրի և տվյալ հարցում միջազգային միջնորդ խումբ հանդիսացող «Վեցյակի» միջև տարվող բանակցություններին: Այս մասին Մյունխենում անվտանգության 49-րդ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
«Վեցյակի» կազմում են ընդգրկված ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ինչպես նաև Գերմանիան, ինչի համար էլ «Վեցյակն» անվանում են «5+1»: Դավութօղլուն առաջարկել է այն վերածել «5+3»-ի՝ ընդգծելով, որ Թուրքիան ու Սաուդյան Արաբիան նույնպես պետք է մասնակցեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններին:
Դրա հետ մեկտեղ Դավութօղլուն դեմ է հանդես եկել այդ բանակցություններին մասնակցելու Իսրայելի ցանկությանը: Դավութօղլուն հիշեցրել է, որ Իսրայելը չի միացել Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (NPT) և առաջին հերթին պետք է հարգանք ցուցաբերի հենց դրա նկատմամբ: