Վրաստանը «Եվրատեսիլ-2023»-ում կներկայացնի “The Voice Georgia 2022” վոկալ հեռուստաշոուի հաղթողը
Վրաստանը «Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթում կներկայացնի “The Voice Georgia 2022” վոկալ հեռուստաշոուի հաղթողը: Այդ մասին հաղորդում է Հանրային հեռարձակողը:
«Օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը լրացրե՛ք գրանցման ձեւը, դարձե՛ք The Voice Georgia-ի մասնակից, հաղթե՛ք եւ շահե՛ք Եվրոպայի խոշորագույն երաժշտական մրցույթի՝ «Եվրատեսիլ-2023»-ի տոմս»,-գրում են կազմակերպիչները:
The Voice Georgia-ն վոկալ հեռուստատեսային շոու է: 2012 թվականից մրցույթն անցկացվել է «Իմեդի» հեռուստաալիքով, սակայն այժմ այն հեռարձակվելու է Առաջին ալիքով:
«Եվրատեսիլ-2023»-ը «Եվրատեսիլի» երգի 67-րդ մրցույթն է, որն անցկացվելու է Մեծ Բրիտանիայում: 2022 թվականի մրցույթում, որն անցկացվել Է Թուրինում (Իտալիա), հաղթանակ է տարել Ուկրաինան, որը ներկայացրել է Kalush Orchestra խումբը՝ “Stefania” երգով: Սակայն 2022 թվականի հունիսի 17-ին Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵվՀՄ) հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2023»-ը Ուկրաինայում չի անցկացվելու երկրում ստեղծված իրադրության կապակցությամբ:
Հուլիսի վերջին ԵՎՀՄ-ն հաստատել է, որ մրցույթն Ուկրաինայում անցկացվելու փոխարեն կանցկացվի Մեծ Բրիտանիայում: 1980 թվականից ի վեր առաջին անգամ մրցույթը չի անցկացվելու հաղթող երկրում: Կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կկայանան 2023 թվականի մայիսին, հաղորդել է Sputnik-ը: