«Գնում եմ Փաշինյանին ներկայացնելու նրա հեռացման երեք տարբերակներից մեկը». Էդգար Ղազարյանը գնում է կառավարություն

«Ես հիմա հանդիպում եմ խնդրում մի վարչապետից, որը փողոցային իր պայքարի ժամանակ հանդիպում է ունեցել Հանրապետության հրապարակում՝ ցուցարարների մասնակցությամբ, ուղիղ եթերում, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ»,- Հանրապետության հրապարակում կազմակերպված Անկախության հանրահավաքի ժամանակ ասաց Էդգար Ղազարյանը:

«Ես հանդիպում եմ խնդրում մի վարչապետի հետ, որը մինչ վարչապետ ընտրվելը հանդիպում է ունեցել «Մարիոթ» հյուրանոցում՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, իր նախընտրած ձևաչափով, լրագրողների ներկայությամբ: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ այդ ձևով վարչապետ դարձած մարդը այսքան մարդու լիազորությունը ունեցող մարդու հետ թող ինքն ասի իր նախընտրած վայրը, միակ պայմանը իմ՝ լրատվամիջոցների ներկայությունն է այդ հանդիպմանը, որպեսզի ցանկացած մարդ լսի և՛ ինձ, և՛ իրեն: Ես կառավարությունում 1999-2005թթ. աշխատել եմ կառավարության աշխատակազմի առաջատար մասնագետից մինչև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի տեղակալ, ես այդ շենքը անգիր գիտեմ: Կարող է վստահ լինել, որ իրեն չեմ ծեծի, ես անգամ ֆիզիկապես այդքան ուժեղ չեմ, որ ինձ վրա պատասխանատվություն վերցնեմ՝ ինչ-որ մեկի վրա հարձակվելու համար, բայց ամեն դեպքում, եթե վախենում է, մեր հեռավորությունը կարող է լինել 30 մետր, և այդ արանքում կարող են կանգնել ՊՊԾ բոլոր սպաները: Ինձ խոսք է պետք, ավելի մեծ ուժ, ավելի զորեղ զենք, քան պարզ, շիտակ խոսքն է, գոյություն չունի»,- ասաց նա:

Էդգար Ղազարյանը նշեց, որ անզեն է, ոչ մի տեսակի զենք չի կրում. «Ես իմ ծնված օրվանից մինչ օրս թմրանյութ չեմ օգտագործել, ես հիմա ալկոհոլի ազդեցության տակ չեմ, ես խնդրում եմ սթափ ուղեղով հանդիպում վարչապետի հետ՝ հիմնավորելու նրան պարզ մարդկային խոսքով, թե ինչու ինքը պետք է հեռանա: Այս զրույցի և դրա դրական արդյունքի շահառուն ՀՀ բոլոր քաղաքացիներն են: Նաև նրանք, ովքեր դա դեռ չեն գիտակցում: Այդ զրույցի շահառուն է նաև ախուրյանցի Անոն, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, որոնք նրա պատանդներն են, գերիները կամ վարձկանները: Բայց այդ զրույցի ամենամեծ շահառու ՀՀ քաղաքացին Նիկոլ Փաշինյանն է, որովհետև այն, ինչ ինքը արել է, իր հետևից գնալու են, հնարավոր չէ՝ չգնան: Նա դա շատ լավ գիտի: Նա դա գիտեր 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, դրա համար էր ինքը փախել և պատսպարվել ինչ-որ մութ սենյակներում և այնտեղից անդադար ծղրտում: Նա դա հասկանալով էր անում: Այդ օրվանից հետո եթե մի բան փոխվել է, ապա դա հայ մարդու իր ձեռքով վառած տունն է Աղավնոյում: Եթե դրանից հետո մի բան փոխվել է, ապա դա ադրբեջանցի զինվորների ներկայությունն է Գորիս-Կապան ճանապարհին…»:

Նա շեշտեց, որ գնում է կառավարության շենք և ուղեկցորդների կարիք չունի. «Ոչ մեկի ներկայությունը ինձ հետ պետք չէ, բացի լրատվամիջոցներից»:

Նա նշեց, որ գնում է Փաշինյանին ներկայացնելու նրա հեռացման երեք տարբերակներից մեկը՝ հրաժարականի պահանջը. «Ես իրեն նախապես խնդրել եմ, որ հավաքի իր աշխատասենյակից բոլոր անձնական իրերը, սեղանին թողնի A4 թուղթ և Հրայր Թովմասյանից վերցված գրիչը: Նա եթե ստորագրի իր հրաժարականի դիմումը, ես կխնդրեմ աշխատակազմին պատճենահանել, բնօրինակը ուղարկել նախագահի աշխատակազմ, պատճենը տրամադրել ինձ՝ ձեզ մոտ վերադառնալու համար: Եթե ես վերադառնամ ձեզ մոտ այդ ստորագրված փաստաթղթով, ապա լեգիտիմ իրավունք եմ ստանում խմելու 50 գրամ կոնյակ: Եթե դա տեղի չունեցավ, ես շարունակում եմ սթափ մտքով ներկայացնել մյուս երկու հնարավոր տարբերակների օրինական և տրամաբանական գործողությունները»:

Տեսանյութեր

Լրահոս