«Տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը պետք է կայանա». Էդգար Ղազարյան
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրավոր դիմում էր ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով: Այսօր նաև նրա նախաձեռնությամբ հրավիրված Հայաստանի Անկախ Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի անդամ մի խումբ պատգամավորների մասնակցությամբ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Էդգար Ղազարյանն ասաց, որ իր առաջարկին պաշտոնական արձագանք դեռ չի ստացել․
«Մեզ հետ կապ չեն հաստատել, որ հաստատեն հանդիպումը, դրա կոնկրետ ժամը, բայց ոչ էլ հայտնել են, որ այդ հանդիպումը չի կայանալու։ Կփորձենք տեղում պարզել այդ հանդիպման հնարավորությունը։ Տրամաբանությունը հուշում է, որ պետք է այդ հանդիպումը կայանա, եթե այլ գործչի պարագայում լիներ՝ միգուցե կարելի էր մտածել, որ չէ։
Լինում են, չէ՞, մարդիկ, որ այլ աշխատաոճ ունեն, այլ պատկերացումներ ունեն մարդկանց հետ շփվելու, հասարակական գործընթացների վերաբերյալ, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ինքն էր նախաձեռնել հանրային գործընթացներ և իր նմանատիպ պահանջով իր հետ ոչ միայն հանդիպեց, այլև եկավ Հանրապետության հրապարակ և ուղիղ եթերում, լրագրողների և ցույցի մասնակիցների ներկայությամբ հանդիպեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Դրանից օրեր անց իր նախանշած ձևաչափով Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցում հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ։
Հիմա հարց է առաջանում, եթե հիմա ինքն է վարչապետ, ինչո՞ւ չպետք է հանդիպի մեկ այլ քաղաքացու, նմանատիպ՝ իր հրաժարականը պահանջող նախաձեռնության հեղինակի հետ։ Իր պարագայում, կարծում եմ՝ պետք է առավել համոզված լինել, որ ինքն այդ հանդիպմանը պետք է գա, եթե չէ, նշանակում է ինքը շատ հիմնավոր վստահություն ունի, որ այդ հանդիպումն իր համար իսկապես առաջացնելու է լուրջ հետևանքներ, և ուղղակի վախենում է նմանատիպ հանդիպումից»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Նա նաև հիշեցրեց, որ բացի այդ հանդիպումից, Նիկոլ Փաշինյանին նաև հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ այսօրվա հանարահավաքին ելույթ ունենալու նպատակով․
«Ավելին, իր համար բերել եմ ելույթի տեքստը, ոչ թե ես գրել եմ, որ ինքը ելույթ ունենա, այլ բերել եմ 2018 թվականի օգոստոսի 17-ի Երևանի Հանրապետության հրապարակում ունեցած իր ելույթի տեքստից հատվածներ, երբ նա հանրահավաք էր հրավիրել պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ․․․»։
Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը չընդունի իրենց, հետագա քայլերը որո՞նք են լինելու, արդյո՞ք կա օրակարգ, Էդգար Ղազարյանը պատասխանեց՝ իրենք կանխատեսել են նաև այդ սցենարը․
«Դա խիստ հավանական ենք համարում, նաև ունենք տրամաբանական գործողությունների շարք՝ այդ սցենարով պայմանավորված, բայց այդ մասին ես կխոսեմ հանրահավաքին այն պահին, եթե այդ հանդիպումը չկայանա․․․»։
Ճեպազրույցի ավարտին էլ Էդգար Ղազարյանը կոչ արեց, որպեսզի բոլորն այսօր ժամը 17։00-ին լինեն Հանրապետության հրապարակում․
«Վստահեցնում եմ, որ այսօր Երևանում ավելի հետաքրքիր իրադարձություն, քան 17։00-ի հանրահավաքն է Հանրապետության հրապարակում, չկա․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում