«Ընդդիմությունն իր տեղում է, փորձում ենք իրավիճակից ելքեր գտնել». Քրիստինե Վարդանյանն արձագանքում է քննադատություններին
«Ընդդիմությունն իր տեղում է, փորձում ենք իրավիճակից ելքեր գտնել և առաջարկել այդ ելքերը: Ընդդիմությունը նոր չէ, որ հրաժարվել է պոպուլիզմից, ոչինչ չասող հայտարարություններից, և հասկանում է, որ պետք է առաջարկի իրատեսական ելք, և այդ ելքը առաջարկի շատ կոնկրետ իրավիճակում: Աշխատում ենք այդ ուղղությամբ՝ օպերատիվ կապի մեջ լինելով Արցախի հետ, հասկանալով տեղում իրավիճակը, հասկանալով, թե ինչ կարող ենք հիմա անել, որ նպաստի իրավիճակի՝ մեր պատկերացմամբ հանգուցալուծմանը կամ աղետի թույլ չտալուն: Մենք այստեղ ենք, այդ աշխատանքներով ենք զբաղված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:
Նա նշեց, որ առաջիկա հանրահավաքի մասին նոր տեղեկություն դեռևս չկա. «Բայց իրավիճակը շատ մեծ արագությամբ է զարգանում, և չեմ բացառում, որ կլինի որևէ հայտարարություն կամ կոչ: Պարզապես, հասկանում ենք, որ որևէ բան ինքնանպատակ չպետք է արվի, և այն իրավիճակում չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ որևէ բան անել՝ պարզապես անելու համար»:
Հարցին՝ երեկվանից շատ են քննադատությունները, թե որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ Բերձորում ճանապարհ փակած քաղաքացիների կողքին չէ, այդ քննադատությանն ինչպե՞ս կարձագանքեք, նա պատասխանեց.
«Ինտենսիվ կապի մեջ ենք և՛ Արցախի հետ, և՛ Աղավնոյի հետ, իրենց դժգոհությունն արտահայտողների հետ էլ փորձում ենք կապի մեջ լինել, հասկանալ՝ ինչով կարող ենք օգնել: Այստեղ հակասություն է առաջանում. հիմա Դաշնակցությունը ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ, ընդդիմություն է, չէ՞: Աղավնոյի գյուղապետը դաշնակցական է, Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ է: Երբ ասում են՝ որտեղ է ընդդիմությունը, չգիտես՝ ինչպես պատասխանել»:
Դիտարկմանը՝ քննադատությունների թիրախում «Դիմադրություն» շարժումն է, նա արձագանքեց.
«Ընդդիմությունը փորձում է հասկանալ՝ ինչով կարող է օգնել և պաշտպանել հայերի շահերը: Քննարկվում են ամենատարբեր տարբերակները, եթե որևէ որոշում լինի, հրապարակային հանդես կգանք»: