«Երբ բեռնատարը շարժվեց, զինվորն ինձ ասաց՝ արժեր հանուն Բերձորի ազատագրման ունենալ զոհեր. մենք ինչքան զոհեր տվեցինք….». Սամվել Թադևոսյան

Արցախյան երեք պատերազմի մասնակից ռեժիսոր, սցենարիստ, վավերագրող Սամվել Թադևոսյանը 1992 թվականին, երբ ազատագրվեց Բերձորը, առաջիններից էր, որ մտել էր Բերձոր և վավերագրել ռազմական ողջ գործողությունները։

168.am-ի հետ զրույցում Սամվել Թադևոսյանը վերհիշեց Բերձորի ազատագրման ողջ պատմությունն ու ցավ ապրեց, որ կյանքի գնով ազատագրված հողն այդպես հեշտությամբ հանձնեցին ու շարունակում են հանձնել։

«Հիմա 30 տարի անց ծանր է խոսել, թե մենք ինչքան զոհեր տվեցինք, որպեսզի կարողանանք մտնել Բերձոր։ Սակայն այդ ամենը շատ թանկագին հիշողություն է, հպարտանալու առիթ։ Մեր դարավոր երազանքներից մեկն էր, որն իրականացրեցինք, բայց ամենահանճարեղն այն էր, որ մենք ապացուցեցինք ինքներս մեզ, որ համախմբվում ենք, ընդհանուր նպատակները դարձնում ենք մեկ՝ կարող ենք և՛ Բերձոր ազատագրել, և՛ դաշտային Արցախը, Շահումյանը և այլն։ Ամբողջ խնդիրն այն է, որ միայն հաղթանակը չէ, այն պահպանել է պետք, հաղթանակը երեխայի նման է, չսնուցեցիր՝ այլասերվում է։ Իսկ փոխարենը շատ դուրսպրծուկներ սկսեցին Արցախը թալանել, կարծես թե իրենց համար կարաս էին հայտնաբերել, հանքեր էին շահագործում ու հարստանում էին։ Ինչ ցանում, այն էլ հնձում ենք»,- ցավով նշեց Սամվել Թադևոսյանը։

Ցավի հետ միասին, ռեժիսորը նաև շատ առումով շփոթված է, քանի որ ծանր բան է մասնակից լինել երեք պատերազմի, տեսնել բազմաթիվ զոհերի, հուղարկավորել հերոս տղաների և հասնել այն վիճակին, որն այսօր կա։

Կարդացեք նաև

«Բերձորի ազատագրման օրը հիշում եմ նաև մի դեպք, որը առիթ չի եղել պատմելու։ Ազատագրման օրը երբ տղաները նշում էին, օդ էին կրակում, մի բեռնատար եկավ անցավ, Բերձորում կանգնեց, բեռնատարում դագաղ կար դրած, կողքին մի զինվոր ծխում էր։ Երբ զինվորին հարցրեցի, ինչո՞ւ չես մասնակցում մեր ուրախությանը, նա պատասխանեց, որ երեք օր սպասել է, որ Բերձորը բացվի և մահացած ընկերոջը Բերձորով տանի Հայաստան։ Երբ բեռնատարը շարժվեց, զինվորն ինձ ասաց, որ արժեր հանուն Բերձորի ազատագրման ունենալ զոհեր։ Այդ տղայի դեմքը երբեք չեմ մոռանա, այդպես էլ չիմացա, թե ով էր։

Դրանք ծանր կորուստներով ապրված օրերն էին, որը պետք է իր պտուղը տար, բայց պտուղը կայանում է այն դեպքում, երբ նրան պահպանում ես, եթե չես պահպանում, ապա նա, ով ավելին է ներդնում հայրենիքի համար, նա էլ շահեկան դիրքերի վրա է կանգ առնում։ Մենք շտկելու բաներ ունենք, վստահ եմ՝ այդ օրը գալու է»,- ասաց Սամվել Թադևոսյանը։

Ըստ ռեժիսորի, այսօր ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի իշխանությունների կարծիքը որևէ մեկի համար նշանակություն չունի, արդյունքում՝ որոշումը կայացնում են բոլորը, բացի Հայաստանից։ Այս ամենը խոսում է իշխանության տկարության մասին կամ այն մասին, որ նրանք հետևողականորեն ստեղծեցին ներկայիս կազմալույծ վիճակը։

«Վերջին սրացումների նպատակն ու խնդիրը հեռահար էր, այնպես չէ, որ թուրքերը գիշերը չեն քնում ու մեզ համար ճանապարհ են կառուցում։ Այսինքն՝ այն, ինչ հիմա կատարվում է՝ մաս է կազմում այն մեծ ծրագրի, որ թղթի վրա և առանց թղթի պայմանավորվածություններ են եղել։ Այդ ամենի արդյունքում է, որ այսօր Բերձորը տալիս են, վճիռը կայացված է և անբեկանելի է, և Հայաստանը չի կազմում այն պետական ուժը, որը կարող է կարծիք հայտնել»,- շեշտեց Սամվել Թադևոսյանը։

Ստեղծված իրավիճում հայ ժողովրդի անելիքների վերաբերյալ Սամվել Թադևոսյանն ասաց, որ այսօր Հայաստանում կան կարող ուժեր, նվիրյալներ, զինյալներ, հետևաբար՝ պետք է ինքնակազմակերպվեն, քանի որ իշխանությունը ոչինչ չի անում։

«Օրակարգից դուրս է այն հարցը, թե Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները կարող են որևէ բան փոխել, ես այդպես եմ կարծում, Աստված տա, ես մեղավոր լինեմ, իրենցից ներողություն կխնդրեմ։ Սակայն վերջին տարիների իրենց կեցվածքը նորմալ մարդուն բերում է այդ եզրահանգմանը։

Աստված կանգնում է նրա կողքին, ով նախանձախնդիր է, իր պետությունը սիրում է՝ գործ անելով»,- եզրափակեց Սամվել Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ Բերձորի քաղաքապետը 168.am-ին փոխանցել է, որ Արցախի ղեկավարության հետ քննարկել են Բերձորից դուրս գալու հարցը և մեկ ամսվա ընթացքում պետք է թողնեն Բերձորը։

Տեսանյութեր

Լրահոս