Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ դարձավ Մխիթար Պապոյանը
Դեռևս 10 օր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ Գագիկ Ջհանգիրյանի` սկանդալային կերպով հեռանալուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը խնդիր ունի վերականգնել իր կորսված հեղինակությունը։
Դրա հնարավորությունը ԲԴԽ-ն ուներ նախ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ընտրության ժամանակ։
Գրել էինք նաև, որ Գագիկ Ջհանգիրյանն, իհարկե, ուներ դատարանի նախագահի իր թեկնածուին Տիգրան Սահակյանի մեկամյա անփառունակ պաշտոնավարումից հետո, բայց դատավորների թեկնածուն ոչ թե Ջհանգիրյանի նախընտրած Սևակ Համբարձումյանն էր, այլ Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ դատավոր` բավականին մեծ ճանաչում ունեցող Մխիթար Պապոյանը։ Վերջինս, ի դեպ, մեկ տարի առաջ էլ էր հավակնում Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնին, բայց այն ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը կարողացավ նախագահ դարձնել Տիգրան Սահակյանին։
Այսօր ԲԴԽ-ում որոշակի իրավիճակ է փոխվել. նախագահ ընտրվեց Մխիթար Պապոյանը: Այդպիսով, ԲԴԽ -ն իր հերթին, որոշակիորեն փորձում է լուծել դեմքը փրկելու խնդիրը։