Թուրքական թերթը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է «Թուրանի ճանապարհ»
Թուրքական իշխանամերձ «Sabah» թերթի կայքը հրապարակել է «Թուրանի ճանապարհն է գալիս. Թյուրքական պետությունները իրար է միացնելու» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ այն անվանելով «Թուրանի ճանապարհ»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ղարաբաղի հաղթանակով Թուրքիայի և Ասիայի միջև նոր միջանցք է բացվել, որը իրար կկապի 1.1 տրիլիոն դոլարի ՀՆԱ ունեցող թյուրքախոս երկրներին:
Ընդգծվել է, որ Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 4.5 մլրդ դոլար, և նպատակ կա այն հասցնել մինչև 15 մլրդ դոլարի: Նշվել է, որ միջանցքի բացումով վերջ կդրվեն Վրաստանի և Իրանի տարածքով տարանցման վրա կիրառվող սահմանափակումներին:
Ըստ կայքի պնդման՝ նախատեսվում է, որ այդ ուղին բացվելու է այս տարի, իսկ դրա շահագործումից հետո Հարավային Կովկասում հնարավոր կլինի հիմք դնել տնտեսական համագործակցության:
Կրկին ընդգծվել է, որ «Զանգեզուրի միջանցքը» չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տեսանկյունից մեծ կարևորություն ունի: Ըստ այդմ՝ երբ «միջանցքը» հանձնվի շահագործման, Ադրբեջանի դիրքը, որը գտնվում է Թուրքիայի և Չինաստանի միջև, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տեսանկյունից կամրապնդվի, իսկ Զանգեզուրը կարևոր այլընտրանքային ուղի կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համար, որի նշանակությունը ռուս-ուկրաինական պատերազմից հետո մեծացել է: