Ավետիք Չալաբյանն առողջական խնդիր ունի… Այսօր՝ 21:00-ին, կլինի ազատության մեջ. լրանում է կալանքի ժամկետը. Փաստաբաններ
Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով երկրորդ դատական նիստը: Առաջինը տեղի ունեցավ երեկ:
Նիստի սկզբում Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ ելնելով արդարադատության շահից՝ դատարանը պարտավոր է միջնորդել Ավետիք Չալաբյանի գործով հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ:
Իսկ այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ Ավետիք Չալաբյանը տեղեկանք է ներկայացրել վատառողջ լինելու վերաբերյալ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ին:
Նիստից հետո վերջինիս պաշտպան Վարազդատ Հարությունյանն ասաց, որ տեսակցել է իր պաշտպանյալին: Ավետիք Չալաբյանը զարկերակային ճնշման խնդիրներ ունի և ջերմություն, և դրա պատճառով բժիշկները կտրականապես արգելել են մասնակցել այսօրվա դատական նիստին, չնայած նրա պնդումներին:
Չալաբյանի փաստաբանական թիմի անդամ Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց, որ Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը լրանում է, և նա այսօր երեկոյան 21:00-ին կլինի ազատության մեջ:
Վարազդատ Հարությունյանն անդրադարձավ նաև հանրային պաշտպան ներգրավելու՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախաձեռնությանը:
«Ավետիք Չալաբյանը հրաժարվել է հանրային պաշտպանից, ինքը վճարունակ է, կարող է վճարել ու չի ցանկանում, որ այլ մարդ ծանոթանա քրեական վարույթի նյութերին ու որոշակի գաղտնիքների: Մնացական Մարտիրոսյանը շարունակում է թելել քրեական հետապնդում իրականացնող մարմինների թելը: Նա ուզում է Ավետիք Չալաբյանին զրկել պաշտպանության իրավունքից»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում