Մասնագետները հորդորում են ոչ սթափ վիճակում չմտնել լիճ, լողամիջոցների վրայից չցատկել ջուրը
Հայաստանում վերջին տարիներին ջրահեղձման դեպքերը նկատելի նվազել են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը նշեց, որ եթե տարիներ առաջ Սևանում լողասեզոնի ընթացքում գրանցվում էր 10-14 ջրահեղձման դեպք, ապա վերջին շրջանում նման դեպքերի թիվը նկատելի կրճատվել է: Նախորդ տարի Սևանում ջրահեղձման դեպք չի գրանցվել: Այս տարի մեկ այդպիսի դեպք է եղել:
«Այս լողասեզոնի ընթացքում Սևանում ջրահեղձման մեկ դեպք ունենք, որը գրանցվել է հուլիսի 17-ին: 9 հոգի մոտորանավակով դուրս է եկել լիճ: Նրանք մի պահ կանգ են առել ու մոտորանավակից երկու հոգի ցատկել է լողալու: Նրանցից մեկը սուզվել է ու չի բարձրացել ջրի մակերես, խեղդվել է: Եվս երկու ջրահեղձման դեպք այս տարի ունեցել ենք, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ավտոմեքենան ընկել է լճի ճահճային հատված, երկու երիտասարդ չի կարողացել դուրս գալ»,-ասաց Արմեն Ճզմաչյանը:
Հուլիսի 9-ից հատուկ ջրափրկարարական ջոկատը սկսել է աշխատել ուժեղացված ռեժիմով: Կենտրոնական կայանից բացի, ծառայությունն իրականցվում է 3 հանրային լողափերում, որտեղ տեղակայված են ջրափրկարարական հենակետերն իրենց տեխնիկական միջոցներով, մոտորանավակներով: Արմեն Ճզմաչյանը նկատեց, որ ջրահեղձման դեպքերի նվազման գործում իր ազդեցությունն ունի ջրափրկարարական ջոկատի աշխատանքի արդյունավետության բարձրացումը:
«Ջրափրկարարական ջոկատի կողմից ծառայությունների իրականացումը մեծ եղանակ է փոխում, աշխատանքի արդյունավետությունն է բարձրանում, տեխնիկական միջոցներն են տարեց տարի ավելանում: Կարևոր դերակատարում ունեն կանխարգելիչ միջոցառումները, անվտանգության հարցերի հետ կապված հասարակության շրջանում իրազեկման աշխատանքները»,-ասաց Արմեն Ճզմաչյանը:
Ջրասուզակ, փրկարար ծառայության ենթասպա Նարեկ Բաբայանը նշեց, որ տարեց տարի լողասեզոնի ընթացքում կարգազանցության դեպքերը քչանում են: Կարգազանցները հիմնականում լինում են ալկոհոլի ազդեցության տակ:
«Հանգիստը թող կազմակերպեն, բայց անպայման մտածեն իրենց անվտանգության մասին, ականջալուր լինեն փրկարարների հորդորներին, լողան այն հատվածում, որտեղ թույլատրվում է: Հաճախ են լինում դեպքեր, երբ ստիպված միջամտում ենք: Ջրային հեծանիվներով, մոտորանավակներով քամու ժամանակ դուրս են գալիս, լողանշանները անցնում են, չեն կարողանում հետ գալ: Մոտորանավակների վրայից ցատկում են ջուրը, այդ ժամանակ եթե քամի է լինում, ապա կրկին չեն կարողանում վերադառնալ: Մեր հորդորը՝ հետևեք անվտանգության կանոններին, ուշադիր եղեք երեխաների նկատմամբ»,-ասաց Նարեկ Բաբայանը:
Սևանում գործող «Երևանի առագաստային ակումբ»-ի տնօրեն Մհեր Թովմասյանը, կարևորելով անվտանգության կանոններին հետևելը, նշեց, որ հիմնականում խեղդվողների մեծ մասը լողալ իմացողներն են: Վստահ լինելով իրենց ուժերի վրա՝ անտեսում են անվտանգության կանոններն ու հաճախ հայտնվում բարդ իրավիճակներում: Մհեր Թովմասյանը բարձրացրեց նաև մոտորանավակների, հիդրոցիկլների հարցը, որոնց շահագործողները որևէ կարգ ու կանոն չեն պահում:
«Մեծ արագությամբ վարում են լողանշաններից դեպ ափ ընկած հատվածում, որտեղ մարդիկ լողում են: Այդ լողամիջոցների միջև լինում են բախումներ, շուռ են գալիս: Կարծում եմ, որ պետք է հատուկ տեղ հատկացվի դրանք վարելու համար՝ հեռու ափային այն հատվածներից, որտեղ մարդիկ լողում են: Դրանից բացի, արագությունը պետք է սահմանափակել» ,-ասաց Մհեր Թովմասյանը:
Մասնագետները հորդորում են ոչ սթափ վիճակում չմտնել լիճ, լողամիջոցների վրայից չցատկել ջուրը, մեծ ուշադրություն դարձնել երեխաներին: