Հուլիսի 27-ին ԲԴԽ-ն կընտրի կին դատավոր անդամի. հայտնի են թեկնածուները
Հուլիսի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), եթե, իհարկե, ցանկություն ունենա ու քվորում ապահովի, կընտրի ԲԴԽ կին անդամի: Այդպես է պահանջում օրենքը: «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով պետք է ապահովվի սեռերի ներկայացվածությունը ԲԴԽ-ում:
Դրանով պայմանավորված՝ առաջարկ է ուղարկվում բոլոր այն կին դատավորներին, ովքեր համապատասխանում են ներկայացվող չափանիշներին:
«Այս պահին ԲԴԽ դատավոր անդամի 4 թեկնածու կա՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյան, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյան, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյան, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյան»,- ի պատասխան 168.am-ի հարցին, թե ովքեր են թեկնածուները, ասաց ԲԴԽ մամլո խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ հավելելով, որ եղել են դատավորներ, որոնց կողմից ներկայացվել է դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:
Բացի դատավոր անդամի տեղից, ԲԴԽ-ում թափուր է նաև 2 գիտնական անդամի տեղ, որոնց պետք է ընտրի Ազգային ժողովը: Այդ մասով որևէ հստակություն չկա: