Եզդիների ուղեղը լվացել են
Հայաստանում գործող ազգությամբ եզդի հասարակական կազմակերպությունների նախագահներն այսօր հանդես են եկել մամլո ասուլիսով: «Սինջար» եզդիների ազգային միավորում հ/կ նախագահ Բորիս Մուրազին և «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» հ/կ նախագահ Սաիդ Ավդալյանը ներկայացրել են մի խնդիր, որն այսօր անհանգստացնում է երիտասարդ եզդիներին: Նրանց խոսքով՝ աղանդավորները քայքայում են եզդիական համայնքները: Ըստ Բ. Մուրազիի՝ Արագածոտնի մարզի Սադոնց գյուղում աղանդավորական կազմակերպություններն, արդեն տևական ժամանակ է, զբաղվում են գյուղի բնակիչների ուղեղների լվացմամբ: Գյուղը հիմնականում եզդիաբնակ է, մարդիկ ապրում են ոչ բարեկեցիկ պայմաններում, ինչն էլ, ըստ Բորիս Մուրազիի, հնարավորություն է տվել աղանդավորներին՝ ազատ ծավալել իրենց ազգակործան գործողությունները: Անդրադառնալով աղանդավորական շարժմանը, բանախոս Սաիդ Ավդալյանը նշեց. «Առանձին աղանդավորական շարժում է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ Գլենդել քաղաքում: Հայաստանում կենտրոնացած են Արագածոտնի մարզի 11 գյուղերում: Հիմնականում իրենց գործունեությունն իրականացնում են կրթական, առողջական և հոգևոր ոլորտներում»:
Նշենք, որ այդ գյուղում 200 բնակիչ կա, որից 120-ն արդեն հարում են այդ աղանդին: Այս մասին չի հերքել նաև Արագածոտնի մարզի Սադոնց գյուղի գյուղապետը: