«Առաջիկա 2 շաբաթների ընթացքում կհասկանանք՝ քովիդի ալիքն ունի՞ ավելի տարածվելու միտում, թե՞ գնում ենք կայունացման․ նախարար

«Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք քովիդ հիվանդացության աճ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ հիվանդացության աճը պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ․

«Ինչպես գիտեք, եվրոպական երկրներում ալիքը բավական ակտիվ կերպով զարգանում է, և մենք կանխատեսում էինք, որ ճամփորդությունների ակտիվացման հետ նաև վարակի որոշակի ներթափանցություն նորից լինելու է։ Մենք զգոն կերպով հետևում ենք, և առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման, ալիքների մեծացման։ Առաջիկա 2 շաբաթների ընթացքում արդեն կհասկանանք, թե արդյոք այս ալիքն ունի՞ ավելի տարածվելու միտում, թե՞ գնում ենք մի փոքր կայունացման»։

Հարցին՝ հնարավո՞ր է լինեն նոր սահմանափակումներ, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ բոլոր սահմանափակումները կապված են  համաճարակային իրավիճակի հետ․

Կարդացեք նաև

«Այո՛, եթե հանկարծ համաճարակային իրավիճակը նորից սրվի այն աստիճանի, որ կարիք լինի սահմանափակումներ մտցնել՝ միանշանակ, բայց այս պահին նման իրավիճակ չունենք և որևէ սահմանափակում չի գործում։

Մեր խորհուրդն է, որ բժշկական կենտրոններ այցելելիս անպայման դիմակ կրել, որովհետև հասկանում ենք, որ ռիսկային միջավայրում ենք գտնվում և պետք է ինքներս մեզ հնարավորինս զերծ պահենք հիվանդացությունից։

Բացի այս, այն անձինք, որոնք ստացել են պատվաստման 2 դեղաչափերը՝ ամբողջական, խորհուրդ ենք տալիս, հորդորում ենք, որ մինչև սեպտեմբեր ամիսը ստանան նաև խթանիչ դեղաչափը, որպեսզի մեր օրգանիզմն աշնան ալիքներին ևս պաշտպանված լինելու հնարավորություն ունենա․․․

Մեզ մոտ ամբողջական պատվաստում ստացած քաղաքացիների տոկոսը 45 տոկոս է կազմում՝ 18 տարեկան և բարձր տարիքայինների հաշվով․․․»։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ քովիդի նոր տեսակներ ի հայտ գան, որոնց դեմ նոր ռազմավարություն պետք է մշակվի, Առողջապահության նախարարը պատախանեց, որ վերջին հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում Օմիկրոնի ենթաշտամով դեպքերն են․

«9-ը փորձանմուշից 9-ն էլ եղել է Օմիկրոնի ենթաշտամը»։

Տեսանյութեր

Լրահոս