Վերջին 6 շաբաթում Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերը եռապատկվել են. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը եռապատկվել է։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՀԿ-ին:

Եվրոպայում ԱՀԿ տնօրեն, դոկտոր Հանս Կլյուգեն COVID-19-ը «տհաճ և պոտենցիալ մահացու հիվանդություն» է անվանել, որը մարդիկ չպետք է թերագնահատեն։

Նա նշել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում COVID-19-ի նոր դեպքերի թիվը եռապատկվել է, և անցած շաբաթ գրանցվել է մոտ 3 միլիոն նոր դեպք, ինչը կազմում է աշխարհում բոլոր նոր վարակների գրեթե կեսը։ Կլյուգը նաև մտահոգություն է հայտնել, որ ցուրտ եղանակի մոտենալով` COVID-19-ն ավելի ինտենսիվ կտարածվի։

«Ահա թե ինչու ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակն այսօր հրապարակում է աշուն/ձմեռ ռազմավարությունը՝ պայքարելու COVID-19-ի և շնչառական այլ վիրուսների դեմ՝ օգնելու պատրաստվել վարակի գալիք ալիքներին: Արդեն ուշ կլինի սպասել աշնանը գործելու համար»,- ասել է նա։

Նշվում է, որ հարավային կիսագնդի երկրներում այժմ գրիպի շատ ակտիվ սեզոն է, որը COVID-ի հետ համատեղ մեծ բեռ է առողջապահական համակարգերի համար:

«Մենք, ամենայն հավանականությամբ, համանման սցենար կտեսնենք հյուսիսային կիսագնդում»,- ասել է Կլյուգեն՝ նախազգուշացնելով, որ ճնշման ավելացումը կարող է քաոսի հանգեցնել:

Տեսանյութեր

Լրահոս