ՆԳՆ-ի ստեղծումը գովերգող Հովհաննես Քոչարյանի ելույթն իշխանությունից պաշտոն մուրալու հրապարակային աղերս է. Գագիկ Համբարձումյան

Հուլիսի 12-ին ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումները։ Խորհրդարանում Կառավարության տարբեր ներկայացուցիչներ պնդում էին, որ Ներքին գործերի նախարարության ստեղծումն անհրաժեշտություն է, որպեսզի դրա կազմի մեջ մտնող Ոստիկանությունը դառնա թափանցիկ և հաշվետու Ազգային ժողովին:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը նշեց, որ իշխանության իրական նպատակը ոչ թե թափանցիկ և հաշվետու, այլ զուտ քաղաքականացված և կամակատար ոստիկանություն ունենալն է։

«Ոստիկանությունը, որի բազայի վրա պետք է ստեղծվի Ներքին գործերի նախարարությունը, ունի երկու գործառույթ՝ հասարակական կարգի պահպանություն և հանցավորության դեմ պայքար։

Ոստիկանությունն այս երկու հիմնական գործառույթից զատ՝ ունի նաև ածանցյալ գործառույթներ, հետևապես, անկախ նրանից՝ ոստիկանությունը Ազգային ժողովի՞ն է հաշվետու, թե՞ վարչապետին, միևնույն է, այդ կառույցը պետք է կատարի իր հիմնական գործառույթները, ուստի այս փոփոխությամբ խոսք չի կարող գնալ ոստիկանության՝ առավել արդյունավետ համակարգ ունենալու մասին։ Ստացվում է՝ Ներքին գործերի նախարարը, որը լինելու է այս իշխանության կարկառուն ներկայացուցիչը, պետք է պայքարի կառույցն իշխանության ազդեցությունից զերծ պահելու համար. դա իրականում անհնար է, հետևաբար՝ նպատակն այլ է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը Ոստիկանությունն է, նա չի կարող չօգտագործել այդ լծակն իր նպատակների համար, նա չի կարող Ոստիկանության օպերատիվ կառավարումն իր ձեռքից բաց թողնել՝ անգամ իր թիմակցին այնտեղ նշանակելով, որովհետև իր լինել-չլինելու հարցն է դրված»,- ասաց Համբաձումյանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանի օպերատիվ կառավարման տակ գտնվող գերատեսչությունն ապաքաղաքական դարձնելու նպատակադրումը մանիպուլյատիվ է և իրականության հետ որևէ կապ չունի։

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր խոսել ոստիկանությունն ապաքաղաքական դարձնելու մասին, երբ, ըստ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների, Ներքին գործերի նախարարը կարող է լինել կուսակցական, իսկ ոստիկանապետն էլ պետք է լինի նրա տեղակալը, Գագիկ Համբարձումյանը պատասխանեց. առաջարկված փոփոխությունները ոստիկանությունը քաղաքականացնելուն են միտված, իսկ այդ փոփոխությունների պաշտպանությամբ Ազգային ժողովում հանդես եկած նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին ուղղեց մի շարք հարցեր.

«Պարո՛ն Քոչարյան, իսկ համոզվա՞ծ եք, որ ստեղծելով Ներքին գործերի նախարարություն, գործող վարչապետը ոստիկանությունը չի օգտագործելու քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար, կամ, երբ գովերգում եք Ներքին գործերի նախարարության ստեղծումը, վստա՞հ եք, որ ոստիկանության որևէ ստորաբաժանման ղեկավար, եթե հրաժարվի քաղաքացիների նկատմամբ հանցավոր հրամաններ կատարելուց, Ներքին գործերի նախարարի պայմաններում կշարունակի մնալ իր պաշտոնին, կամ, երբ գովերգում եք Ներքին գործերի նախարարության ստեղծումը, վստա՞հ եք, որ գազանություններ իրականացնող, բայց իր հիմնական գործառույթը՝ հանցավորության դեմ պայքարը, տապալած ոստիկանը կհեռացվի իր աշխատանքից և բարձր պաշտոն չի ստանա»։

Մեր հարցին՝ իսկ ինչո՞վ է պայմանավորում այդ դեպքում Ներքին գործերի նախարարության ստեղծմանը Հովհաննես Քոչարյանի կողմ արտահայտվելը, Գագիկ Համբարձումյանը պատասխանեց.

«Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի ելույթը պաշտոն մուրալու հրապարակային աղերս էր՝ իշխանության ուշադրությունը հրավիրելով նրա վրա, թե՝ ես գրագետ իրավաբան եմ, և ինձ պաշտոն տվեք»,- ասաց Համբարձումյանը՝ ընդգծելով՝ Ներքին գործերի նախարարության ստեղծելու նպատակը սեփական թիմակիցներին պաշտոնների նշանակելն ու ավելացվող ավելի քան 100 հաստիքում սեփական թիմակիցներին տեղավորելն է, որն էլ արտաքին աշխարհի համար փաթեթավորում են ժողովրդավարության քողով։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս