«Տղե՛ս, շնորհավոր երկնային ծնունդդ․․․»․ 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանն այսօր կդառնար 22 տարեկան

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի ծննդյան օրն է։ Արմանն այսօր կդառնար 22 տարեկան։

Հերոսի հարազատներն ու ընկերները գիշերը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են եղել, նրա 22-ամյակն այնտեղ դիմավորել։

Արմանը ծնվել էր 2000 թվականին՝ Երևան քաղաքում։ Հերոսի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին դեռ փոքրուց աչքի էր ընկնում աշխուժությամբ, ընկերասիրությամբ և միշտ առաջինը լինելու ցանկությամբ․

«Արմանս ամեն ինչի մեջ միշտ առաջինն էր, դա իր կյանքի կրեդոն է եղել, եթե մեկը կարող է, ես էլ կարամ, եթե պետք է արվի, ես անեմ, ձգտում էր միշտ առաջինը լինել։ Լիդեր էր, ուղղակի այն տարիքի չէր, որ ես այդ բառն օգտագործեի, բայց քանի որ ինքն իր արարքով անմահացավ, ես այդ բառը կարող եմ օգտագործել։ Արմանս կյանքով լիդեր էր։ Արմանիս՝ 13-14 տարեկանի խոսքը հետևյալն էր՝ պապ, շատ բան կլսես, բայց չես լսի, որ ընկերոջս կթողնեմ՝ կփախնեմ․․․»։

Արմանը զորակոչվել էր 2019 թվականի հունվարին։ Հերոսի հայրը հիշեց, թե ինչպես էին որդուն զինկոմիսարիատից ճանապարհում հայոց բանակ․

«Արմանիս պավետսկան եկել էր հունվարի 16-ին, բայց զինկոմիսարիատում տաքությունը չափում, տեսնում են՝ 37.1, հետաձգում են տանելը։ Դուրս եկավ, ասեց՝ պապ, մտի խոսա, որ էսօր գնամ։ Մտա խոսեցի, ասացին՝ անհնար ա, եթե մենք էլ ուղարկենք, կենտրոնական հավաքակայանից հետ կուղարկեն ու մեր վրա լուրջ խոսակցություն կլինի։ Մոտ 1 ժամ Արմանին համոզում էի, որ՝ տղե՛ս, ոչինչ, 2-3 օր տարբերությամբ կգնաս։ Մի ժամ խոսելուց հետո՝ համոզեցի, եկավ տուն․․․

Հունվարի 21-ին ուրախ-ուրախ գնաց զինկոմիսարիատ։ Արդեն Կենտրոնական հավաքակայանում էր, որ կնոջս՝ Իրայի, հետ մտանք, որ երեխու անունը լսենք, չկարդացին, հարցրեցի՝ էս ի՞նչ է լինում, պատասխանեցին՝ ինքն է որոշել Արցախ գնալ․․․»։

Արմանը նախ ծառայել է Շուշիի հակաօդային պաշտպանության զորամասում, իսկ 1 տարի անց արդեն կրտսեր սերժանտ Ազատյանը տեղափոխվել էր Ֆիզուլի։

«Ուզում էր Ջաբրայիլ գնար, իր ընկերների մեծ մասն այնտեղ էին ծառայում, բայց տարան Ֆիզուլի։ Ծառայությունը հոյակապ էր անցնում, լավ ընկերներ, շատ լավ էր իրեն զգում․․․»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Արմանը պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, բարձրանում է Ֆիզուլիի դիրքեր, որտեղ էլ գլխի հատվածում ծանր վիրավորում է ստանում, տեղափոխվում է նախ՝ Ստեփանակերտի հոսպիտալ, ապա՝ Երևան։ 4 օր տևած կյանքի և մահվան պայքարից հետո Արմանը հիվանդանոցում մահանում է․

«Հոկտեմբերի 1-ին, երեկոյան ժամը 9-ի սահմաններում․ արդեն անհնար էր․․․»։

Օրեր առաջ՝ հուլիսի 1-ին, ծնվեց Ազատյանների որդին, նրան անվանակոչել են իրենց ավագ որդու անունով՝ Արման։

«Ասում եմ ու ասելու եմ՝ Արմանը բախտավոր տղա է։ Վստահ եմ, որ իր ախպորը, իր անվանը վայել է լինելու, ես կլոուն չեմ դաստիարակելու։ Ես դաստիարակելու եմ՝ ուժեղ, ճիշտ, հայ տղա, ավելին ասեմ՝ մեծ-մեծ խոսալ չլինի, ես էլ չեմ կարողանալու դաստիարակել, իրենց դաստիարակելու է բլուրը, բլուրի տղերքը՝ հանձինս իր մեծ ախպոր։ Դա էր առաջին պատճառը, որ ինքը հիվանդանոցից դուրս գալուց առաջինը գար «Եռաբլուր»․․․

Տղե՛ս, շնորհավոր երկնային ծնունդդ։ Գիշերն էլ էինք այնտեղ, ես էլի Արմանից ստացա էն, ինչ որ պետք է ստանայի։ Սաղ ճիշտ եմ արել, պուճուր Արմանի ծնունդը ճիշտ էր․․․

Կարծում եմ, որ պատերազմի նման ելքը դավաճանություն էր, հետևից խփել էր, տղերքը արժանի չէին, որ իրենց հետևից խփեին։ Էն հողի համար, որ իրենք կյանք չխնայեցին, մինչև վերջ կանգնեցին, չպետք է մի ստորագրությունով հանձնվի, չպետք է նման բան լինի․․․»։

Արման Վիգենի Ազատյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

Տեսանյութեր

Լրահոս