«Դե խելքներդ գլուխներդ հավաքեք, ու պատրաստվեք անխուսափելի պատասխանատվության ծանր բեռը կրելուն․ Եթե, իհարկե, դուք այդքան կաք»․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ այսօրվա արտահերթ նիստում, չմնաց գեթ մեկ ՔՊ-ական ուսապարկ (ըստ ՔՊ-ի` իրենց պատգամավորները Նիկոլի ուսապարկեր են), որը չխոսեր ընդդիմության մասին: Սա շատ բնական եմ համարում: Ուսապարկ-պատգամավորները բացահայտ կերպով զգում են քաղաքական ճգնաժամն իրենց մաշկի վրա: Վերջապես բնազդաբար հասկանում են, որ առանց ընդդիմության` խորհրդարան չի լինում:
Ժողովրդավարական համակարգերում ընդդիմությունն է իմաստ և բովանդակություն տալիս խորհրդարանական քննարկումներին: Այլապես, այն վերածվում է կռապաշտության: Իրենք խոսում, իրենք քվեարկում և իրենք ծափ տալիս պետության կործանմանը:
Ընդդիմության երկու խմբակցությունները, ուղիղ ութ ամիս ակտիվ աշխատել են խորհրդարանում, մասնակցել նիստերին, հանդես եկել օրենսդրական նախաձեռնություններով, այլընտրանքային առաջարկներով, առողջ քննադատությամբ և քաղաքական հայտարարություններով: Ի՞նչ են ստացել արդյունքում. խուլիգանական ծեծկռտու՞ք, վարչապետական հիստերիա՞, հիվանդագին մեկնաբանություննե՞ր, անհարգալից վերաբերմու՞նք, ընդդիմադիր պատգամավորին ԱԺ ամբիոնի մոտից սերժանտների կողմից ձեռքերն ոլորելով հեռացնե՞լ, նախաձեռնությունների մերժու՞մ, արտահերթ նիստերին ուսապարկերի չմասնակցություն-տապալու՞մ…
Լավ իմացեք, Հայաստանն ունի ընդդիմություն և այն ժողովրդի հետ է, ժողովրդի կողքին: Բոլորովին պարտադիր չէ, որ խորհրդարանական ընդդիմությունը մասնակցի ԱԺ կրկեսին ու բեմադրվող ֆարսին: Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար:
Լավ չի, չէ, առանց ընդդիմության ո´չ հարգելի կապիտուլյանտներ: Դե խելքներդ գլուխներդ հավաքեք, ու պատրաստվեք անխուսափելի պատասխանատվության ծանր բեռը կրելուն: Եթե, իհարկե, դուք այդքան կաք:
Հայրենիք կործանողն ու սեփական ժողովրդին հայրենազրկողը արժանի չէ առողջ ուժերի հետ համագործակցության: Դուք ինքնասիրահարված ապուշի նման, 2018թ.-ից մերժել եք բոլոր տիպի համագործակցությունները, խորհուրդներն ու առաջարկությունները: Դուք պետք է հեռանաք ու չխանգարեք երկիրը կարգի բերելուն»: