Թուրք սահմանապահներ՝ Հայաստանում. միջանցքային տրամաբանություն է ոչ միայն Մեղրիով, այլ նաև հայ-թուրքական սահմանին. Ռուբեն Մելքոնյան

Հուլիսի 5-ը Հայաստանի Սահմանադրության օրն է. թեև պետք է մեր երկրի Սահմանադրության օրը նշեինք լիաթոք հպարտության զգացումով, իրականում լրիվ հակառակն է, որովհետև գիտակցում ես՝ այլևս ինքնիշխան պետություն չունես, տեսնում ես՝ Հայաստանը դարձել է բուտաֆորիկ մի պետություն, որի ներքին գործերին մեկ միջամտում է Թուրքիայի արտգործնախարարը, մյուս դեպքում՝ Ադրբեջանի ղեկավարը. երկուսն էլ՝ թշնամական երկրների ղեկավարներ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, պատասխանելով հարցին՝ Հայաստանը հիմա ինքնիշխա՞ն պետություն է, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա փոխանցմամբ՝ այն, որ Թուրքիան արդեն բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, ապացուցում է այդ երկրի արտգործնախարարի այն հայտարարությունը, ըստ որի՝ «Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են։ Հայաստանում որոշ ուժեր հարձակվում են վարչապետի տան վրա, փողոցային գործողություններ են իրականացնում, լուրջ ճնշումներ են գործադրում»։

«Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ասել է, թե ինչո՞ւ է որոշել դառնալ դիվանագետ. բացահայտել է՝ ԱՍԱԼԱ-ի գործողություններից հետո որոշել է դառնալ դիվանագետ ու վրեժ լուծել հայերից։ ԱՍԱԼԱ-ի գործողությունների համար վրեժխնդիր լինելու նպատակով դիվանագետ դարձած Չավուշօղլուն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը և քննադատում ընդդիմությանը, սա արդեն խոսում է այս իշխանության որակի մասին։ Լավ՝ էս ո՞ւր ենք հասել, որ Չավուշօղլուն Հայաստանի համար անհանգստանում է»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ Հայաստանը տանում է կապիտուլյացիայի։

Անդրադառնալով Ռուբինյան-Քըլըչ՝ հունիսի 1-ին կայացած հանդիպմանը՝ 3-րդ երկրների քաղաքացիների համար Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացելու վերաբերյալ պայմանավորվածություններին, Մելքոնյանը նշեց.

«Որպեսզի ցույց տան, որ սա մեռյալ գործընթաց չէ, նման պայմանավորվածություն են ձեռք բերել։ Արել են մի բան, որ Հայաստանին օգուտ չլինի, Թուրքիային էլ վնաս չլինի. դրա համար բացում են սահմանը 3-րդ երկրի քաղաքացիների համար՝ սահմանը վերաակտիվացնելու համար, բայց հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանը կարողանալո՞ւ է այդ սահմանի անվտանգությունն ապահովելու բեռը կրել և 3-րդ երկրների քաղաքացիների անվտանգությունն ապահովել։ Չի կարելի բացառել, որ թուրք սահմանապահներ կարող են հայտնվել ու այդ բեռը կրել, որովհետև իր ռեսուրսներով Հայաստանը չի կարող անվտանգություն ապահովել։ Ո՞րն է Հայաստանի օգուտը նման բանի տակ մտնելու, ես չեմ հասկանում։ Ինչպե՞ս կարելի  է սա ներկայացնել որպես դիվանագիտական ձեռքբերում։ Ստացվում է՝ Հայաստանի հանդեպ միջացքային տրամաբանությունն է գործում. միջանցք ոչ միայն Մեղրիով, այլ նաև՝ հայ-թուրքական սահմանով»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս