«Սուր զգացողություններն անցել են». Վուդի Ալենն ակնարկել է կարիերան ավարտելու մասին
Ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենը հայտարարել է ևս մեկ կամ երկու ֆիլմ նկարահանելու մտադրության մասին։ Նա սոցիալական ցանցերից մեկի ուղիղ եթերի ժամանակ խոսել է իր ծրագրերի մասին։ Հարցազրույցից հատվածներ հրապարակել է Deadline-ը։
Այսպիսով, արդեն ամռան վերջին 86-ամյա կինոռեժիսորը կսկսի իր նոր ժապավենի նկարահանումները Փարիզում։ Նա նաև հայտարարել է, որ դադարել է նույն հույզերը ստանալ կատարած աշխատանքից։
«Սուր զգացողություններն անցել են: Երբ ես նոր էի սկսում կարիերաս, մենք ֆիլմեր էինք նկարահանում, և դրանք ցուցադրվում էին ամբողջ երկրի կինոթատրոններում: Հարյուրավոր մարդիկ գալիս էին ֆիլմը մեծ էկրանին դիտելու: Այժմ ֆիլմ ես նկարում, և այն ընդամենը մի քանի շաբաթ է ցուցադրվում կինոթատրոններում, այնուհետև այն հայտնվում է հոսքային ծառայություններում: Հանդիսատեսը սիրում է տանը նստել իր հեռուստացույցի առջև: Դա ինձ այնքան էլ դուր չի գալիս»:»,- ասել է Վուդի Ալենը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը