Ի՞նչ նպատակ են հետապնդում ՄԻՊ աշխատակազմում սպասվելիք կառուցվածքային փոփոխությունները

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում «թեժ» աշխատանքային մթնոլորտ է. նոր Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, 168.am-ի տեղեկություններով, պատրաստվում է կառուցվածքային փոփոխությունների:

Մեզ ասացին՝ ՄԻՊ-ում ակտիվորեն խոսակցություններ են շրջում առ այն, որ դեպարտամենտների թիվը երկուսից դառնալու է երեք: Քրիստիննե Գրիգորյանը դեպարտամենտ է ուզում դարձնել նաև ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչությունը, որի պետը՝ Աննա Կարապետյանը, Պաշտպանի աշխատակազմ է եկել Արդարադատության նախարարությունից:

Ըստ ՄԻՊ աշխատակազմում տարածված խոսակցությունների՝ դա արվում է յուրային աշխատակցին բարձր աշխատավարձով ապահովելու համար:

Թե որքանո՞վ են հիմնավոր այս խոսակցությունները, ցույց կտա ժամանակը, բայց պետք է նշել, որ այս պահին կառուցվածքային այդ փոփոխությունն անելու հնարավորություն Քրիստիննե Գրիգորյանը չունի, քանի որ դեպարտամենտների թիվը կարգավորվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով:

Ըստ օրենքի՝ ՄԻՊ աշխատակազմը կարող է կազմված լինել միայն 2 դեպարտամենտից, ինչը նշանակում է, որ 3-րդ դեպարտամենտն ավելացնելու համար Ազգային ժողովը պետք է փոփոխություններ անի սահմանադրական օրենքում, ինչի հավանականությունը թեպետ քիչ է, բայց, իհարկե, կա:

Առհասարակ ՄԻՊ աշխատակազմում տարակուսած են Քրիստիննե Գրիգորյանի աշխատաոճից. անում է, ինչ ուզում է, և, օրինակ, որևէ բաժնում կարող է հաստիքային փոփոխություն կատարվել, ու բաժնի ղեկավարը տեղյակ չլինի դրանից:

ՄԻՊ-ում կառուցվածքային փոփոխությունների քամին, մեր տեղեկություններով, կհասնի նաև արագ արձագանքման ծառայությանը: Այդ ծառայությունն այլևս չի գործի, դրա փոխարեն՝ կլինի զանգերի կենտրոն:

Մեզ ասացին՝ հունիսի 3-ին արագ արձագանքման ծառայության աշխատակիցները չեն էլ իմացել՝ ինչ է կատարվում Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում: Սա նշանակում է, որ ի սկզբանե այս ծառայությունը Քրիստիննե Գրիգորյանի համար կարևորություն չի ներկայացրել:

Տեսանյութեր

Լրահոս