Գագիկ Ջհանգիրյանի հետ չեմ խոսել, սակայն հավատում եմ նշված պատճառին. Գրիգոր Բեքմեզյան․ news.am

Գագիկ Ջհանգիրյանի հետ իր հրաժարականից հետո չեմ խոսել, սակայն հավատում եմ հրաժարականի հայտարարության մեջ նշված պատճառին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքեմեզյանը՝ մեկնաբանելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը ԲԴԽ անդամի պաշտոնից:

«Մամուլում տարբեր պատճառներ են նշվում, սակայն ես ԲԴԽ անդամ եմ եւ ուղղակի պետք է ի գիտություն ընդունեմ նշված պատճառը: Ամեն դեպքում ես հավատում եմ իրեն»,- ասաց Բեքմեզյանը:

Բեքմեզյանի դիտարկմամբ՝ Գագիկ Ջհանագիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար վարույթ հնարավոր կլիներ հարուցել միայն այն դեպքում, եթե ներկայացված լիներ ձայնագրության ամբողջական տարբերակը:

«Ձայնագրության մեջ կտրած եւ իրար կպցված հատվածներ էին, սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե հնչեցված հայտարարությունները ինչ համատեքստում եւ ինչպիսի ենթատեքստով են ասվում: Ես էլ կարծիք չեմ կարող հայտնել այդ ձայնագրության մասին, քանի դեռ ամբողջական տարբերակը չեմ լսել»,- նշեց նա:

Գրիգոր Բեքմեզյանի խոսքով՝ ինքն այժմ չի կարող ասել, թե երկուշաբթի օրը ԲԴԽ նախագահի սպասվող ընտրություններում ում հնարավորություններն ամենաբարձրը:

«Ես չեմ կարող ասել, թե ինչպես կքվեարկեն ԲԴԽ անդամները, որովհետեւ այդ թեմայով ես իրենց հետ չեմ խոսել, չեմ փորձել տրամադրվածություն ստուգել: Խորհրդի քննարկման ժամանակ ես իմ դիրքորոշումը մանրամասն կհայտնեմ: Ես ամեն դեպքում չեմ ձգտում այդ պաշտոնը զբաղեցնել»,- ընդգծեց Բեքմեզյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս