«Օնիկ Գասպարյանը պետք է պատասխանի երկու հարցի»․ Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «44-օրյա պատերազմի պարտության (դավաճանության) իրական պատճառները գտնելու համար ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխանի երկու հարցի.
1. Ինչո՞ւ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈւ-ում և Արցախի ՊԲ-ում չի հայտարարվել համար մեկ մարտական պատրաստականություն;
2. Ինչո՞ւ չի տրվել ՀՀ ԶՈւ բացազատման (ծավալման) հրաման:
Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ 2020թ-ի սեպտեմբերի 25-ին ռազմական հետախուզությունը իմացել է 27-ին սկսվող հարձակման մասին, բայց համար մեկ մարտական պատրաստականության և բացազատման հրաման ՀՀ ԳՇ պետը ՉԻ ՏՎԵԼ, փոխարենը կոչ է արել ԶԳՈՆ լինել:
2020թ. սեպտեմբերի 27-ին համար մեկ մարտական պատրաստականության է բերվել և բացազատված է եղել միայն 3-րդ բանակային կորպուսը՝ իր հրամանատարի ինքնուրույն որոշմամբ:
Մնացած բանակային կորպուսներում զորքի բացազատում չի իրականացվել. զինվորները գտնվել են զորամասերում, իսկ զենքն ու զինամթերքը՝ զինապահեստներում:
Գրեթե համոզված եմ, որ հույժ կարևոր այս գործողությունները չեն կատարվել Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով, իսկ դրա ապացույցը կարող է ներկայացնել Օնիկ Գասպարյանը:
Իսկ եթե չներկայացնի, ապա դրանով կհաստատի, որ ինքը կամ կատարյալ տգետ է, կամ պետական դավաճան:
Բոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են, մեր տղերքի թափած արյունը անպատիժ չի մնալու․․․»։