«4 ու կես տարի է՝ բողոքում եմ. 100 անգամ բարձրացրին իրենց 4-րդ հարկը՝ Վարագ Սիսեռյանի մոտ…». Կոնդ թաղամասի նախկին բնակիչ
Պետական գերակա շահ ճանաչված Կոնդ թաղամասի նախկին բնակիչ Ալլա Մանուկյանը, 13 տարի է՝ պարբերաբար հիշեցնում է իր խնդրի մասին՝ հույսով, որ իշխանությունները որևէ լուծում կտան իր խնդրին: Քաղաքացին պնդում է՝ գերակա շահ ճանաչված իր տարածքի փոխարեն՝ փոխհատուցում չի ստացել:
2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո քաղաքացուն հուսադրել են նոր իշխանության ամենատարբեր ներկայացուցիչները, սակայն, ի վերջո, հուսախաբ արել:
«4 ու կես տարի է՝ բողոքարկում եմ: Տիգրան Ավինյանի հետ անձամբ եմ հանդիպել. կանգնել եմ կառավարության շենքի մոտ այնքան, մինչև իրեն տեսել եմ: Ինձ 100 անգամ բարձրացրին իրենց 4-րդ հարկը՝ Վարագ Սիսեռյանի մոտ, ասեցին՝ մի անհանգստացեք, արմատներ կգտնենք, ձեր հարցին լուծում կտանք: Ասեցի՝ արմատներ չեն. ուղղակի պետք է պարտադրագիր ուղարկեք այդ հանցագործ կազմակերպությանը, որ ինձ անօրինական՝ առանց դատարանի վտարման որոշման, ինձ անտուն են թողել, բռնի ուժով են ինձ հանել շպրտել դուրս:
Վարագ Սիսեռյանը գնաց, եկավ մի հատ Լիլիթ: Նա էլ ուղարկեց Արդարադատության նախարարություն. նրանք էլ պատասխանեցին, թե իրավասու չեն իմ հարցին լուծում տալ: Նաև տեղեկացրին, որ 2019 թ. վարչապետի որոշման համաձայն՝ կազմվել է Գերատեսչական հանձնաժողով, և նրանք պետք է իմ հարցին լուծում տան:
Դիմեցի այդ հանձնաժողով. կաշառակերության համար նախագահին բռնեցին, երկրորդն եկավ Արմեն Ղուլարյանը. անձամբ իրեն եմ դիմել, Կառավարության շենքի դիմաց տեսել եմ իրեն. հետո գնացել եմ իրենց բաժինը, փաստաթղթեր եմ հավաքել, բայց 6 ամիս քնեցնելուց հետո տեղեկացրել են, թե Քաղշինը բնակարան չունի՝ հատկացնի: Բայց ես Քաղշինից բնակարան չեմ պահանջել, իմ ոտնահարված իրավունքներն եմ պահանջել վերականգնել»,- 168.am-ի հետ զրույցում 2018-ից սկիզբ առած նոր շրջապտույտի մասին պատմեց Ալլա Մանուկյանը:
Քաղաքացին այսօր կրկին կառավարության մոտ էր, սակայն նշեց՝ շենքի գլխավոր մուտքից որևէ պաշտոնյա դուրս չի գալիս: Նա նաև տեղեկացրեց՝ վերջին նամակը կառավարությանը հասցեագրել է ապրիլ ամսին. դիմել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, սակայն երեկ նրան զանգով տեղեկացրել են, թե նախորդիվ ուղարկված նամակին հանգամանալից պատասխանել են ու այդ պատճառով՝ չեն պատասխանի:
«Ոչ մի լուրջ մոտեցում չկա. իրենց հետաքրքիր չէ, որ ժողովրդավար երկրի քաղաքացին, Կոնդի բնիկ բնակիչը մնացել է անտուն: Ինչքա՞ն կարող եմ ես անտուն մնալ»,- ասաց Ալլա Մանուկյանը:
Հիշեցնենք՝ մեզ հետ զրույցում Ալլա Մանուկյանն ավելի վաղ հայտնել էր «2008 թ. քաղաքապետարանից կանչեցին, ասեցին՝ Ձեր հարցը լուծված է, գնացեք «ՀայԷկոնոմբանկ», քարտ բաց արեք, գործակալությունից տեղեկանք բերեք, որ տարածքում Ձեզ բնակարան պետք է գնենք, բերեցի-տվեցի, դրանից հետո գնացի քաղաքապետարան, ասեցին՝ ԾԻԳ-ը մերժել է»:Մեր զրուցակիցը նաև պատմել էր, որ դատարանի վերջին որոշում-մերժումը եղել է 2010 թվականին. «Էդ հասցեում մենակ գրանցում ունեմ մինչև հիմա: Շենք են կառուցում հիմա էնտեղ, նույնիսկ իմ փողոցի անվանումն էլ են փոխել՝ Ռուսթավելի նրբանցքը Պարոնյան են դարձրել»: