Նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ երկրաշատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Սուրբ Պատարագին ներկա են եղել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։
Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, ընդգծել է, որ այս սուրբ եկեղեցու կամարների ներքո մեկտեղված հավատավոր ժողովուրդն այստեղ է, որպեսզի Սուրբ Էջմիածնով զորանա, վկայի իր հավատքի զորության մասին, վերանորոգի իր սուրբ հայրերի կապած ուխտը Քրիստոսի հետ ու հաստատի հավատարմությունն առ Միածնաէջ Սուրբ Աթոռն Ամենայն Հայոց:
«Մեր ազգն իր հայացքն ուղղեց դեպի Միածինը, և Միածինն իջավ և ուռամբ նշեց վայրը, որտեղ պետք է վեր խոյանա Իր աղոթքի տունը, ուր, հաստատվեց քահանայապետական աթոռը, որտեղից դարեր շարունակ հավատացյալ հայի սիրտը, հայի ստեղծագործ միտքը, հայի ազնիվ եւ զորավոր կամքը սնվում և ամրանում է:
Տեսիլքով ծնունդ առավ 1719-ամյա Սուրբ Էջմիածինը և առաքելապատիվ հայրապետի ու բարեպաշտ արքայի ջանքերով քարեղեն մարմին զգեցավ: Պատկառելի հնությամբ, տեսլական սկզբնավորությամբ, հայ ժողովրդի կյանքում ունեցած ազգային-եկեղեցական և մշակութային պատմական դերով հայ ժողովրդի ամենանվիրական համազգային ուխտավայրն է Մայր Տաճարը: Նրա յուրաքանչյուր քարը մեր սուրբ հավատքի վկան է, որով հյուսվել է մեր պատմությունը, որի վրա հաստատվել է մեր ազգը: Լուռ թվացող քարերը կենդանի են ու խոսում են մեզ հետ դարերի խորքից, իսկ մեր աղոթքներն էլ լսում են, որպեսզի գալիք դարերին պատմեն:
Սրբավայրերի, պատմական խաչքարերի մի աշխարհ է մեր հայրենիքը, որտեղ յուրաքանչյուր կտոր հողի, քարի, ժայռի վրա հեղված արյամբ հավերժացել է հայ ժողովրդի մտքի, հոգու, սրտի, ձեռքի շնորհների գեղեցկությունն ու քաղցրությունը: Մեր նախնիներն ի գին իրենց կյանքի ազգային հպարտության ամենամաքուր զգացմունքներով աչքի լույսի պես պահել ու պահպանել են Սուրբ Էջմիածինը՝ որպես նշխար, որպես նվիրական մասունք, որպես աղբյուր լույսի և հույսի, որպես տեսիլք լուսավոր գալիքի»,- ասաց Մուշեղ եպիսկոպոսը՝ հորդորելով հավատացյալ հայորդիներին աներկյուղ ու զորավոր կամքով պահել մեզ հանձնված այս սրբազան ավանդը և ուխտել հավատարիմ մնալ նրա պատգամին՝ սիրել զԱստված, սիրել մայր եկեղեցին ու հայրենիքը, կյանք տալ վասն հավատո և հայրենյաց:
Մայր Աթոռի լուսարարապետն իր քարոզում նաև հաստատել է․ «Էջմիածնին ու Լուսավորչի Սուրբ Աջին կապվելով է, որ հայը մնաց հայ, շարունակեց արարել, և բիբլիական Արարատի ստորոտին հաղթանակ տոնելով՝ վերստեղծեց իր առաջին հանրապետությունը, որի հետնորդներն ենք մենք: Աներկբա է, որ այսօր կանք Սուրբ Էջմիածնով: Անսասան է Էջմիածինը, անսասան է ազգը հայոց: Արդ, ազգովի գլուխ խոնարհենք այս միակ, համազգային, հավիտենական և հավերժական սուրբ հաստատության վեհության առաջ: Փառք տանք Աստծուն, որ այսօր էլ Հայ Եկեղեցին շարունակում է դեպի հավիտենականություն ուղղորդող իր Աստվածահիմն առաքելությունը ճիշտ նույն կերպ և նույն վայրում, ինչպիսին էր չորրորդ դարում»։
Վերջում Մուշեղ Սրբազանը մաղթել է, որ հավատավոր ժողովրդի սրտից բխած աղոթքը լսելի լինի Աստծուն՝ երկար կյանք պարգևելով Հայոց Հայրապետին, և Քրիստոս անսասանության մեջ պահի Իր իսկ հիմնած Մայր Աթոռը, որպեսզի խաղաղության ու բյուր օրհնությունների ներքո շարունակի ապրել հայոց ազգը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվել է Սուրբ Էջմիածնի մաղթանք:
Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասն աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացման, պայծառության, անսասանության և իր սրբազան առաքելության հարատևության համար: