«Հնարավոր է, որ մարդիկ համախմբվեն, և ես կարծում եմ՝ սա է առաջին քայլը Հայաստանի համար». Դարոն Աճեմօղլու. «Ազատություն»
Գլխավոր հարցն է՝ արդյո՞ք Հայաստանը կկարողանա կառուցել ավելի լավ հասարակություն` հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի կարծիքով՝ սա՛ է այսօր Հայաստանի առջև ծառացած գլխավոր հարցը, որի լուծումը թույլ կտա երկրին հաղթահարել համակարգային քաղաքական, տնտեսական խնդիրները։
«ԱՊՐԻ Արմենիա» (APRI Armenia)` նորաստեղծ վերլուծական ինստիտուտի կողմից Երևանում օրերս կազմակերպած ու Հայաստանի անվտանգությանը վերաբերող միջազգային խորհրդաժողովին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ MIT-ի պրոֆեսորը միացել էր տեսակապի միջոցով։
«Ինչու են ձախողվում պետությունները» (Why nations fail) հանրահայտ գրքի համահեղինակի խոսքով, այն վիճակը, ուր հայտնվել է Հայաստանը՝ անկախության նվաճումից ի վեր, աշխարհում եզակի չէ։ Շատ երկրներ անցել են այս ուղիով՝ կյանքի կոչելով իրական բարեփոխումներ։ «Այս ամենը պահանջում է ազգային երկխոսության նոր տեսակ։ Սա միայն Հայաստանին չի վերաբերում։ Տարիների ընթացքում ինստիտուտները քամելը, տարբերությունները շահագործելը, դեմագոգիան, պոպուլիստական քաղաքականությունը, զսպումների և հակակշիռների մեխանիզմի բացակայությունը, որը կարող է արբիտրի դեր խաղալ, այս ամենը բևեռացրել են երկիրը։ Օրինակ, Բելառուսում նույնպես բևեռացվածությունը շատ բարձր է։ Նույնը Ուկրաինայում էր, մինչև Ռուսաստանի դեմ պատերազմը մարդկանց չհամախմբեց։ Նրանք համախմբվեցին։ Հնարավոր է, որ մարդիկ համախմբվեն, և ես կարծում եմ՝ սա է առաջին քայլը Հայաստանի համար», – ընդգծեց տնտեսագետը։
Չնայած կորուստներին, Հայաստանն ունի մեծ ներուժ և առաջին հերթին խոսքը մարդկային կապիտալի մասին է՝ համոզված է տնտեսագետը: «Չնայած ուղեղների հսկայական արտահոսքին, Հայաստանն ունի մարդկային վիթխարի կապիտալ, որը տեխնոլոգիական ոլորտում հմտությունների առումով ավելի առաջատար է, քան նախկին խորհրդային շատ, գրեթե բոլոր հանրապետությունները։ [Հայաստանը] լուրջ կարողություններ ունի բարձր տեխնոլոգիական և բարձր որակավորում պահանջող այլ ոլորտներում», – նշեց նա։
Ինչպես ինքն է ասում, լինելով սփյուռքի մաս՝ Աճեմօղլուն Հայաստանին խորհուրդ տվեց չափից դուրս չհենվել Սփյուռքի վրա՝ ավելի կարևորելով հայաստանյան քաղաքացիական հասարակության ամրապնդումը։
«Սփյուռքի մասին… ես սփյուռքի մասն եմ, բայց ես կասեի՝ այն Հայաստանի մեծագույն ուժն է և մեծագույն թուլությունը։ Եթե հայացք եք նետում այնպիսի երկրների, որոնք լրջորեն շահել են իրենց սփյուռքից եկող գաղափարներից ու դրամից… Հնդկաստանը, Չինաստանը բազմաթիվ օրինակներ ունեն, թե ինչպես են իրենց լավագույն ու լուսավոր զավակները, որոնք մեկնել էին արտերկիր, վերադառնում են գաղափարներով՝ գիտության, բիզնեսի և անգամ հասարակությունները կազմակերպելու վերաբերյալ։ Հնդկաստանի պարագայում կարող եք նկատել վերելքը տնտեսության այն ոլորտներում, ուր նրանց սփյուռքը ակտիվ է Միացյալ Նահանգների տնտեսությունում։ Նախորդ տասնամյակում Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի գլխին մեծամասամբ կանգնած էին ԱՄՆ-ում կրթություն ստացած չինացիները։ Սփյուռքը կարող է վիթխարի ռեսուրս լինել, որը դրամ, տեխնոլոգիաներ կուղղի Հայաստան։ Սակայն այն որոշ բացասական դեր էլ է խաղում, որովհետև Հայաստանի քաղաքական, միջազգային ընտրությունները պետք է արվեն այն մարդկանց կողմից, որոնք ապրում են Հայաստանում։ Սփյուռքի վրա չափից դուրս հենվելը լավ չի լինի Հայաստանի ներքին զարգացումների համար։ Ի վերջո, քաղաքացիական հասարակության վերածնունդը կարևոր է, որը չի կարող և երբեք չի եկել դրսից, այն պետք է առաջանա երկրում», – ընդգծեց Դարոն Աճեմօղլուն։
Պետությունների ընթացքը ուսումնասիրած պրոֆեսորը Հայաստանի համար որպես օրինակ ներկայացրեց Ֆինլանդիան, որը մոտ ութսուն տարի առաջ ռազմական պարտություն կրելով Խորհրդային Միությունից ու տարածքներ կորցնելով՝ կարողացավ դառնալ աշխարհի զարգացած երկրներից մեկը։
«Եթե ցանկանում եք հաղթահարել Հայաստանում առկա բևեռացվածությունը, կարծում եմ, ազգային ու պատմական միասնությունը առավելություն կլինի։ Մի օրինակ կբերեմ՝ Ֆինլանդիան, որտեղից կարելի է դասեր քաղել։ Ֆինլանդիան ծայրահեղ հետամնաց երկիր էր, խիստ անհավասար, որը իրապես բաժանված էր շատ հարուստ կալվածատերերի՝ նախկին ֆեոդալների, ազնվականների և հարաբերականորեն ցածր մարդկային կապիտալի միջև։ Նաև այդ երկիրը Ռուսաստանից եկող մահացու սպառնալիքի ներքո էր, որը փորձեց ներխուժել Ֆինլանդիա, բայց, ինչպես հայտնի է, ձախողեց։ Սակայն Ռուսաստանը վնասող պատժամիջոցներ կիրառեց Ֆինլանդիայի նկատմամբ՝ հսկայական ռազմատուգանք։ Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը Երկրորդ աշխարհամարտի ավարտին կասեր, թե Ֆինլանդիան կդառնա ժողովրդավարության մոդել, տնտեսական աճի կենտրոն, բայց այն դարձավ այդպիսի երկիր։
Այն օգտագործեց իր յուրահատուկ մշակութային, ազգային ինքնությունը. Այս առումով Ֆինլանդիան կապ չունի սկանդինավյան այլ երկրների, Եվրոպայի մնացյալ հատվածի հետ, որոշակի առումով առանձին են։ Ֆինլանդիան բարեփոխումներ իրականացրեց, որոնք կրճատեցին վերը նշված անհավասարությունները՝ հողային, լայնածավալ հարկային բարեփոխումներ, լուրջ ջանքեր գործադրեց արդյունաբերության տարբեր ճյուղեր զարգացնելու համար, որպեսզի կարողանա վճարել ռազմատուգանքը, և կառուցեց օրինակելի ժողովրդավարություն։ Ֆինլանդիան այժմ էլ բախվում էքզիստենցիալ վտանգի։ Էքզիստենցիալ վտանգի առջև է նաև Հայաստանը՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը, երիտասարդները ընկճվելով մեկնում են երկրից։ Սա մի ժամանակ է, երբ Հայաստանը խաչմերուկի վրա է կանգնած, և կարող է սովորել Ֆինլանդիայից ու փոխել իր ընթացքը», – ասաց տնտեսագետը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում