Վրանները կհանվեն, փոխարենը կստեղծվեն մարզային կառույցներ. հանրահավաքներն ու ակցիաները կշարունակվեն․ Իշխան Սաղաթելյան

«Այսօր այստեղ ենք մի շարք հարցերի պատասխանելու, միասին որոշում ընդունելու ու առաջ գնալու»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի խոսքով՝ այդ որոշումները պետք է ապահովեն շարժման հետագա ընթացքը, զարգացումը, նպատակների վերջնական իրագործումը։

«Նպատակը նույնն է՝ կանխել Արցախի հայաթափումը և Հայաստանի թրքացումը, չեզոքացնել ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, իսկ դրան հասնելու համար նախ պետք է հեռացնել այս չարիքի իշխանությանը, ձևավորել ազգային իշխանություն, ով կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ և բարեկեցիկ երկիր․․․»,- ասաց Սաղաթելյանը, ապա հավելեց՝ քանի դեռ այս հարցերը չեն լուծվել, շարժումը դադար չունի։

Սաղաթելյանն անդրադառնալով ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներին և ժողովրդին ուղղված մեղադրանքներին՝ ասաց․
«Մենք չունենք հայ սպանելու վճռականություն, մենք հեռացնելու ենք Նիկոլին, բայց դա անելու ենք անարյուն․․»։

Խոսելով «Դիմադրություն» շարժման հետագա անելիքների մասին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ շարժման ղեկավարներով որոշել են վերափոխման ենթարկել «Դիմադրություն» շարժման կառուցվածքը և մարտավարությունը։

«Ուստի անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը՝ քաղաքական, կազմակերպչական, քարոզչական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Երկրորդ՝ շարժմանը պետք ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ։ Սա իրենից ենթադրում է, որ շարժումն այսուհետ ունենալու է ենթակառուցվածքներ, այսինքն՝ կոմիտեներ, ոլորտային հանձնախմբեր։ Սրանով մենք լուծելու ենք՝ քաղաքական, կազմակերպական, քարոզչական ուղղություններով կադրային ներուժն ընդլայնելու, նորանոր խմբեր, կարող անհատներ ընդգրկելով՝ շարժումն ավելի ընդլայնելու և նոր ուժ տալու հարցը։

Հիմա շարժման առաջիկա անելիքների մասին, նախ՝ այս հրապարակում տեղադրված վրանների ամսին։ Գիտեմ, որ այս թեմայով հարցադրումները շատ են, կարծիքներն էլ՝տարբեր, բայց պարզ իրողություններ կան, որ պետք է հաշվի առնենք, և դրանցից ամենակարևորն այն է, որ ամեն բան շատ հստակ պետք է ծառայի իր նպատակներին։ Մեր վրանային ավանը հիմնեցինք՝ մշտական գործող հավաքատեղի, հասցե, ինչպես նաև դիմադրության առաջին օջախը ձևավորելու համար։ Մենք այդ խնդիրը լուծել ենք՝ գիշեր-ցերեկ այստեղ հերթապահություն իրականացնող մեր գաղափարակից ընկերների հետ։ Ֆրանսիայի հրապարակը այլևս «Դիմադրության» շարժմանն է պատկանում՝ անկախ նրանից՝ այստեղ վրաններ կլինե՞ն, թե՞ ոչ, և ոչ միայն Ֆրանսիայի հրապարակը։ Մեր ժողովուրդը արդեն նվաճել է Հայաստանի և Հայաստանի մայրաքաղաքի բազմաթիվ հրապարակներ, այս ողջ ընթացքում մենք ցույց ենք տվել, որ մեզ համար փակ փողոցներ գոյություն չունեն։ Այս պահի դրությամբ կարող ենք վստահորեն պնդել, որ վրանային այս ավանը լիարժեք կատարել է իր գործը, որի համար երախտապարտ ենք այստեղ հերթապահություն իրականացրած մեր բոլոր արժանապատիվ քաղաքացիներին։ Դուք նվիրյալներ եք, աննկարագրելի գործ եք արել, բայց հիմա ձեր ներուժը մեզ այլ տեղերում էպետք։ Հաշվի առնելով նաև մեր առաջիկա մարտավարությունը՝ առաջարկում ենք՝ վաղվանից հավաքենք մեր վրանները, բայց միշտ նկատի ունենալով՝ ցանկության և անհրաժեշտության դեպքում, եթե գտնենք այդ պահին նպատակահարմար՝ 2 ժամ հետո ցանկացած հրապարակում, այդ թվում՝ նաև այս հրապարակում մենք կվերականգնենք վրանային ավան։ Մեր պայքարի ընթացքում մեր վրանային ավանը լրջագույն հարց է լուծել, բայց մեր պայքարի հետագա արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ․․․

Շարժման անելիքները, դրանց ուղղված գործնական անելիքները պետք է բխեն առաջադրված նպատակներից և խնդիրներից։ Շարժման հետագա ծավալման արդյունքում պետք էպայմաններ ստեղծել՝

Առաջին, որպեսզի կանխենք կենսական զիջումներ պարտադրող, կապիտուլյացիոն նոր պայմանագրի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցության որևէ համաձայնության կայացում։

Երկրորդ՝ հասնենք Նիկոլի հեռացմանը կամ հրաժարականին։
Պայքարն այս 2 ուղղություններով պետք է լինի զուգահեռ և փոխլրացնող․․․»։

Սաղաթելյանը շեշտեց՝ առաջիկա անելիքներն ու գործնական քայլերն են լինելու՝

«Առաջին՝ ամենաշաբաթյա միջոցառումներ, այդ թվում՝ փողոցային ակցիաներ, ոլորտային և թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, պարտադիր ժամանակացույցով և գրաֆիկով ժողովրդային հանդիպումներ։ Շաբաթական նվազագույնը՝ հանրահավաք, երթ և փողոցային ակցիաներ։

Երկրորդ՝ շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումների ձևավորում, այդ թվում ՝ Արցախում և սփյուռքում։

Երրորդ՝ հանրության լայն շերտերի, այդ թվում՝ գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, գյուղացիական, բիզնես շրջանակների, երիտասարդների հետ հետևողական աշխատանք։

Չորրորդ՝ հստակ չափորոշիչների վրա հիմնված կադրային բանկի ձևավորում, հատկապես նոր սերնդից նաև սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմամբ։

Հինգերորդ՝ մարզերում շարժման կոորդինացիոն խորհուրդների և կոմիտեների ձևավորում։

Վեցերորդ՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ ծրագրավորված աշխատանք։

Յոթերորդ՝ ապօրինաբար ձերբակալված և կալանավորված շարժման մասնակիցների իրավունքներիպաշտպանության ուղղությամբ հետևողական աշխատանք․․․

Փողոցային պայքարը շարունակվում է՝ իր ինտենսիվությամբ որոշակի փոփոխությունների ենթարկվելով, դրան զուգահեռ՝ գիշեր-ցերեկ քայլեր ենք ձեռնարկում շարժումն ամբողջ Հայաստանում, սփյուռքում և Արցախում ընդլայնելու ուղղությամբ։ Այս ամենին զուգահեռ՝ պետք է պատրաստ լինենք, որ առաջիկայում կարող են տեղի ունենալ վճռորոշ զարգացումներ, և շարժումը շատ արագ և օպերատիվ արձագանքի, հակազդեցություն ցուցաբերի և անմիջապես վերադառնա 24-ժամյա ռեժիմին։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե ընդդիմության շարժման արդյունքները գոհացնո՞ղ են, կարո՞ղ է այն բերել ցանկալի արդյունքի, ասել էր.
«Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ: Վաղ չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ է ասելու այդ մասին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս